Մատչելի հղումներ

Ֆրանսիան և Գերմանիան զգուշացրել են Մոսկվային «հետևանքների» մասին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շաբաթ օրն անցկացված մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում ասել են, որ պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի նկատմամբ այն դեպքում, եթե նախագահական ընտրություններն Ուկրաինայում չկայանան

Ֆրանսիան և Գերմանիան զգուշացրել են Ռուսաստանին այն մասին, որ եթե մայիսի 25-ին Ուկրաինայում չանցկացվեն նախագահական ընտրությունները, ապա դա «հետևանքներ» կունենա Ռուսաստանի համար:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շաբաթ օրն անցկացված մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում ասել են, որ պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի նկատմամբ այն դեպքում, եթե նախագահական ընտրություններն Ուկրաինայում չկայանան:

Երկու պետությունների ղեկավարները, հանդես գալով Գերմանիայում, շեշտել են նաև, որ Ուկրաինայի արևելքում ռուսաստանամետ անջատողականների կողմից կիրակի օրն անցկացվելիք հանրաքվեն անօրինական է:

Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ռուսաստանամետ ապստամբները շաբաթ օրն ավելի վաղ ազատ են արձակել «Կարմիր խաչի» մի քանի աշխատողի, որոնց նրանք կալանավորել էին ուրբաթ երեկոյան:

Ռուսաստանամետ անջատողականները «Կարմիր խաչի» աշխատողների կալանավորումը հիմնավորել են այն հանգամանքով, որ կասկածել են կազմակերպության աշխատողներին «լրտեսական գործունեության» իրականացման մեջ:

«Կարմիր խաչի» կազմակերպության ներկայացուցչի համաձայն, ռուսաստանամետ անջատողականների կողմից կազմակերպության կալանավորված աշխատողներից մեկը դաժան ծեծի էր ենթարկվել:
XS
SM
MD
LG