Մատչելի հղումներ

Ֆրանսիան հերքել է տուարեգների հռչակած անկախությունը


Մալիի հյուսիսում տուագրեգների ցեղախմբի ապստամբներն ուրբաթ օրն անկախություն են հռչակել և դիմել միջազգային հանրությանը՝ կոչ անելով ճանաչել «Ազավադ» պետությունը:

Ֆրանսիան, որի գաղութն էր նախկինում եղել Մալին, արագ արձագանքել է տուարեգների կողմից անկախություն հռչակելու մասին հայտարարության՝ ասելով, որ Աֆրիկայի պետությունների կողմից չճանաչված անկախության հռչակումը «անիմաստ է»:

Համացանցային կայքում, որտեղ ապստամբներն անկախության հռչակելու մասին են հայտնել, Ազավադի ազատագրման ազգային շարժումը հայտնել է նաև, թե հարգելու է այլ պետությունների սահմանները:

Ազավադի ազատագրման ազգային շարժումը զինադադար է հայտարարել հինգշաբթի օրը՝ ասելով, թե հասել է իր նպատակին:

Տուարեգների ցեղախմբի ապստամբներին, մահմեդական զինյալների հետ համատեղ, անցյալ ուրբաթ մեկնարկած՝ արագ ընթացող հարձակման արդյունքում հաջողվել է գրավել Տիմբուկտու, Քիդալ և Գաո քաղաքները:

Դեռևս հայտնի չէ սակայն, արդյոք զենքը վայր են դնելու նաև ապստամբների հետ համատեղ մարտեր վարող մահմեդական զինյալները, որոնք կապեր ունեն Աֆրիկայի հյուսիսում գործող «ալ-Քայիդա»-ի ստորաբաժանման հետ և մահմեդական շարիաթի օրենք են հաստատել որոշ տարածքներում:

Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն հինգշաբթի օրը զգուշացրել է, որ տուարեգ ցեղախմբի ապստամբներին խնդիրը հնարավոր է կարգավորել միայն երկխոսության, այլ ոչ թե ռազմական գործողությունների միջոցով:

XS
SM
MD
LG