Մատչելի հղումներ

«Forbes» ամսագրի ռուսական տարբերակը խորհուրդ է տալիս այցելել Երևանում Հայոց ցեղասպանության թանգարանը


Հայոց ցեղասպանության թանգարանը դադարեցրել է իր աշխատանքները մինչև 2015 թվականի ապրիլի 20-ը՝ հիմնավերանորոգման և նոր թանգարանային ցուցադրության պատրաստման աշխատանքների պատճառով

Ամերիկյան «Forbes» ամսագրի ռուսական տարբերակը 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերին նվիրված թանգարանի բացման կապակցությամբ հրապարակված հոդվածում խորհուրդ է տալիս այցելել նաև հիշատակի ևս ութ թանգարան, որոնց թվում ընդգրկված է Հայաստանի մայրաքաղաք Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

«Forbes» ամսագրի ռուսական տարբերակը հիշեցնում է, որ Հայոց Ցեղասպանության թանգարանը բացել է իր դռները 1995 թվականին, երբ նշվում էր Հայոց Ցեղասպանության 80-րդ տարելիցը: Թանգարանի ցուցահանդեսի հիմնական մասը կազմում են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին վկայող լուսանկարներն ու փաստաթղթային վկայությունները:

Ներկա պահին Հայոց ցեղասպանության թանգարանում ընթանում են հիմնավերանորոգման և նոր թանգարանային ցուցադրության պատրաստման աշխատանքներ, ինչի պատճառով, ըստ թանգարանի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության, Հայոց ցեղասպանության թանգարանը դադարեցրել է իր աշխատանքները մինչև 2015 թվականի ապրիլի 20-ը:

«Forbes» ամսագրի ռուսական տարբերակը խորհուրդ է տալիս այցելել նաև Հրեական ողջակիզման թանգարանը Երուսաղեմում, Ղրիմում գտնվող Ջրային աղետների թանգարանը, Չեռնոբիլի թանգարանը Կիևում, «ԳՈՒԼԱԳ»-ի թանգարանը Մոսկվայում, Խաղաղության հուշահամալիր-թանգարանը Հիրոսիմայում, «Տիտանիկ Բելֆասթ» թանգարանը Հյուսիսային Իռլանդիա, Ապարտեիդի թանգարանը Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում:
XS
SM
MD
LG