Մատչելի հղումներ

Ֆլորիդա նահանգում գտնվող եկեղեցում «Ղուրանի այրման արարողություն երբեք չի կայանալու»


Ֆլորիդա նահանգում գտնվող այն եկեղեցու քահանան, որտեղ սեպտեմբերի 11–ին ծրագրված էր այրել Ղուրանը, այժմ ասում է, որ եկեղեցում այդպիսի արարողություն «երբևէ տեղի չի ունենա»։

Շաբաթ օրը քահանա Թերի Ջոնսը հանդես է եկել «NBC-TV» հեռուստաընկերության «Թըդեյ շոու» ծրագրում։ Ջոնսի խոսքերով, իր փոքր եկեղեցուն հաջողվել է բացահայտել մահմեդականության «վտանգավոր» և «չափազանց ծայրահեղական» տարրերը։

Ղուրանն այրելու արարողությունը, որը Ջոնսը նախատեսում էր անցկացնել իր եկեղեցում 2001 թվականի սեպտեմբերի 11–ին՝ նշանավորելով ԱՄՆ–ի դեմ իրականացված ահաբեկչական հարձակման տարելիցը, քննադատության էր արժանացել ամբողջ աշխարհում։ Ուրբաթ օրը քահանան մեկնել էր Նյու Յորք և փորձել էր հանդիպել ահաբեկչական հարձակման արդյունքում փլուզված Առևտրի համաշխարհային կենտրոնի մոտակայքում նախատեսված մահմեդական մշակութային կենտրոնի կառուցման գործընթացը ղեկավարող իմամի հետ։ Սակայն հանդիպումը տեղի չէր ունեցել։

ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Ղուրան այրելու նախագծերը վտանգելու են արտասահմանում, մասնավորապես մահմեդական երկրներում գտնվող տասնյակ հազարավոր ամերիկացի զինծառայողներին։ Նախագահ Օբաման կրոնական հանդուրժողականության կոչ է արել և ասել, որ Միացյալ Նահանգները «չի պատերազմում մահմեդականության դեմ, այլ այս կրոնը խեղաթյուրող ահաբեկչական կազմակերպությունների դեմ։

XS
SM
MD
LG