Մատչելի հղումներ

Մասնավոր հրթիռն ուղևորվել է դեպի Միջազգային տիեզերակայան


Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի Քանավերալ հրվարդանում գտնվող մեկնարկային հրապարակից երեքշաբթի վաղ առավոտյան դեպի Միջազգային տիեզերակայան է մեկնարկել մասնավոր մի հրթիռ՝ այսպիսով մեկնարկելով շահույթ հետապնդող տիեզերական թռիչքների ժամանակաշրջանը:

«Ասոշիեյթիդ փրես» գործակալության վկայությամբ, «SpaceX» ընկերության «Falcon 9» հրթիռը ուղեծիր է հանելու ընկերության «Dragon Capsule» (թարգմանաբար՝ «Վիշապ պարկուճ») սարքը, որից մի քանի օր անց այն ժամանելու է Միջազգային տիեզերակայան՝ առաքելով մոտ 453 կիլոգրամ պաշար:

«Falcon 9» հրթիռի արձակումն առաջին անգամն է, երբ դեպի տիեզերք հրթիռ է արձակվել մասնավոր ընկերության կողմից: Մինչ այդ նման գործողությունների կարող էին իրականացնել միայն խոշոր պետությունների կառավարությունները:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը հրթիռի արձակումը հետաձգվել էր ժամանակի հաշվարկի ավարտից ընդամենը կես վայրկյան առաջ՝ համակարգչի կողմից հրթիռի շարժիչում հայտնաբերված անսարքության պատճառով: Անսարքությունը վերացվել է, և այս անգամ հրթիռի բոլոր ինը շարժիչները սարքին էին:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը շնորհավորական ուղերձ է հղել հրթիռի արձակման կապակցությամբ:

«Դեպի տիեզերք յուրաքանչյուր արձակում ցնցող տեսարան է, սակայն այս մեկը է՛լ ավելի ուրախացնող է: Այս ոլորտում մասնավոր հատվածի ընդլայնվող դերը ՆԱՍԱ-ին թույլ կտա ազատել առավել մեծ ռեսուրսներ և տրամադրել դրանք այն գործին, որը գործակալությունը կատարում է ամենից լավ, այն է՝ աշխատել տիեզերագնացության ոլորտի ամենաբարդ խնդիրների լուծման, ներառյալ Երկրի ուղեծրից դուրս մարդու մասնակցությամբ տիեզերական առաքելություններ ուղարկելու շուրջ», - ասել է գիտության գծով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի խորհրդատու Ջոն Հոլդրենը:

XS
SM
MD
LG