Մատչելի հղումներ

«Վաշինգտոն Փոստ». «Մի քանի տարի տևած ճնշումից հետո Ադրբեջանի իշխանություններն ազատ են արձակել լրագրողին»


Լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաև (արխիվային լուսանկար)

Ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» օրաթերթը հրապարակել է ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևի հետ հարցազրույց, որի ընթացքում վերջերս ազատ արձակված լրագրողը նկարագրել է իր վրա գործադրված ճնշումն ու բանտարկության պայմանները:

Ֆաթույաևը, որը բանտարկվել է 29 տարեկան հասակում և ազատ արձակվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով, երբ արդեն 34 տարեկան էր, ասել է, որ իր գործունեության նպատակը միշտ եղել է օրաթերթի արհեստավարժ կերպով հրատարակումը:

2005 թվականին Ֆաթուլաևն ինքնուրույն սկսել է հրատարակել երկու օրաթերթ` ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով: Առաջին անգամ նրա դեմ մեղադրանքները ներկայացվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանի ներքին գործերի նախարարի տեղակալի կողմից գլխավորվող հանցախմբի մասին գրելիս հիշատակել է, որ մեղավոր է նաև ներքին գործերի նախարարը, քանի որ նա ղեկավարել է նախարարության գործունեությունը: Նախարարը զրպարտության մեղադրանքով գործ էր հարուցել նրա նկատմամբ, որի արդյունքում Ֆաթուլաևը դատապարտվել է պայմանական ազատազրկման և տուգանքի:

Լրագրողը ձերբակալվել է 2007 թվականին` Լեռնային Ղարաբաղում 1992 թվականին իրականացված ջարդի մասին հարցազրույցների հիման վրա հոդված հրապարակելու պատճառով: Ադրբեջանցի փախստականների պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մեղադրանքով նա դատապարտվել է 2,5 տարի ազատազրկման:

Ֆաթուլաևի բանտարկության ժամկետը հետզհետե երկարաձգվել է, և պետության կողմից ներկայացված ահաբեկչության, էթնիկական հողի վրա ատելության սերմացման, ինչպես նաև հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքների պատճառով լրագրողի օրաթերթերի գործունեությունը դադարեցվել է, իսկ բանտարկության ժամկետը հասել` մինչև 8,5 տարի:

2010 թվականի ապրիլին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել արդար դատավարության հնարավորությունից Ֆաթուլլաևի զրկված լինելու մասին և պահանջել ազատ արձակել լրագրողին, ինչը, ըստ նրա, «չափազանց զայրացրել է իշխանություններին»: Նախքան Եվրոպական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելը, Ֆաթուլաևը մեղադրվել է բանտում հերոին պահելու մեջ և դատապարտվել ևս 2,5 տարվա ազատազրկման:

Լրագրողի համաձայն, նրա ծնողները գործազուրկ են դարձել իր գործունեության հետ կապված իրադարձություների պատճառով: Նա ասել է, թե իր ընտանիքը չէր գոյատևի առանց «Լրագրողների պաշտպանության հանձնաժողով», «Amnesty International», «Բաց հասարակության ինստիտուտ» և այլ կազմակերպությունների կողմից տրամադրվող օգնության:

Ֆաթուլաևը, խոսելով բանտարկության մեջ անցկացրած ժամանակն անվանել է «ահավոր»: Նա հիշում է մենախցում անցկացրած ժամանակ «իր վրայով վազվզող առնետների մասին»:

Բանտում իրեն հույս տվող գիրքը եղել է Ալեքսանդր Սոլժենիցինի «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ»-ը, որը նա ամեն անգամ բացել է հուսահատված լինելու ժամանակ: «Ինքս ինձ ասել եմ` Սոլժենիցինն իր կամքի ուժը պահպանել է շատ ավելի վատ պայմաններում, և ես կարող եմ անել նույնը»:

Եզրափակելով հարցազրույցը` լրագրողը նշել է, որ դեռևս չի հասկացել, արդյոք պետք է շարունակի լրագրողի գործունեությունը: «Այժմ կարող եմ ասել միայն, որ փորձում եմ ըմբռնել ազատությունը: Ինձ համար այն հրաշք է, և ես փորձում եմ ընկալել այն», - ասել է Էյնուլլա Ֆաթուլլաևը:

XS
SM
MD
LG