Մատչելի հղումներ

Եվրոյի գոտում գրանցվել է գործազրկության ռեկորդային մակարդակ


Իսպանիայում երիտասարդների շրջանում գործազրկությունը կազմում է գրեթե 50 տոկոս

Եվրոպական Միությունը երկուշաբթի օրը հրապարակել է զեկույց, որի համաձայն 17 անդամ պետություն ունեցող եվրոյի գոտում գործազրկության մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշների:

Եվրամիության զեկույցի համաձայն, այս տարվա մայիս ամսին եվրոյի գոտում գործազրկությունը կազմել է 11,1 տոկոս: Այս ցուցանիշն ամենաբարձրն է 1999 թվականին եվրոն թողարկելուց հետո:
Զեկույցի համաձայն, առանց աշխատանքի է մնացել եվրոյի գոտու ավելի քան 17 միլիոն մարդ, ինչը մոտ երկու միլիոնով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները:

ԵՄ-ի զեկույցում նշվել է, որ մայիս ամսվա ընթացքում գործազրկության ամենավատ ցուցանիշները գրանցվել են պարտքային ճգնաժամ ապրող Իսպանիայում, որտեղ աշխատանք չունի բնակչության գրեթե մեկ քառորդը, իսկ երիտասարդների շրջանում գործազրկությունը կազմում է գրեթե 50 տոկոս:

Այս ընթացքում «Markit Economics» հետազոտական ընկերության կողմից անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հունիս ամսվա ընթացքում եվրոյի գոտում արտադրության ծավալների ցուցանիշները մնացել են աճ գրանցելու մակարդակից զգալիորեն ցածր մակարդակի վրա:

«Markit Economics» ընկերության հետազոտողների համաձայն, արտադրության ոլորտում գրանցված անկման արդյունքում անկում է գրանցվում նաև աշխատանքի շուկայում:

Եվրոյի գոտու տնտեսությունում, որի անդամ պետությունների կառավարությունները փորձում են վերահսկողություն հաստատել պետական պարտքի նկատմամբ՝ ընդունելով ֆինանսական խիստ խնայողության միջոցներ, արդեն մի քանի ամիս շարունակ լճացում է գրանցվում: Փորձելով աշխուժացնել տարածաշրջանի տնտեսությունը՝ Եվրամիության պետությունների ղեկավարներն անցյալ շաբաթ համաձայնության են եկել տնտեսական զարգացումը խթանման նպատակով 150 միլիարդ դոլար ծավալով փաթեթի ձևավորման շուրջ և ընդունել մի շարք միջոցներ՝ Իտալիայի և Իսպանիայի կողմից փոխառությունների արժեքը նվազեցնելու նպատակով:

Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը, նպատակ հետապնդելով բարելավել եվրոյի գոտու տնտեսությունը, այս շաբաթվա վերջին կնվազեցնի փոխառությունների տոկոսադրույքը, որը ներկայիս մեկ տոկոսից կիջնի մինչև 0,75 տոկոս:
XS
SM
MD
LG