Մատչելի հղումներ

Եվրոյի գոտու ֆինանսական օգնության հիմնադրամի չափը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը


Եվրոյի գոտու պետությունները զգալիորեն ավելացրել են ֆինանսական օգնության հիմնադրամի ծավալը, որը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը` փորձելով պաշտպանել եվրոյի գոտին և աշխարհի տնտեսությունը պարտքային ճգնաժամից:

Եվրոյի գոտու անդամ 17 պետությունների ֆինանսների նախարարներն ուրբաթ օրը Կոպենհագենում համաձայնության են հասել գալիք մեկ տարվա ընթացքում հիմնադրամում բացված նոր հաշվին 500 միլիարդ դոլար ավելացնելու մասին` փոփոխություն, որն ուժի մեջ է մտնելու հուլիս ամսից:

Եվրոպական Միությունն մինչ օրս տասնյակ միլիարդավոր դոլար գումարներ է ծախսել` դաշինքի անդամ պետություններին ֆինանսական օգնություն տրամադրելու նպատակով: Ֆինանսական օգնություն նախկինում տրամադրվել է Իռլանդիային և Պորտուգալիային, և երկու անգամ` Հունաստանին:

Ֆինանսական օգնության հիմնադրամի ծավալի ավելացում անհրաժեշտ է` Իտալիայի և Իսպանիայի կողմից իրենց պարտքային պարտավորությունները չկատարելու հնարավորությունից եվրոյի գոտին պաշտպանելու համար:

Վերլուծաբանները, Արժույթի միջազգային հիմնադրամն ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը կոչ են արել ստեղծել նույնիսկ առավել խոշոր ակտիվներ ունեցող ֆինանսական օգնության հիմնադրամ, սակայն Եվրոպայի հյուսիսային երկրները, մասնավորապես Գերմանիան ու Ֆինլանդիան, կասկածամտությամբ են վերաբերվում ավելի մեծ չափերի օգնություն տրամադրելու հնարավորությանը:

Եվրոպայի երկու խոշորագույն տնտեսություններ ունեցող պետությունների` Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարներն այս շաբաթ տարաձայնություններ են ունեցել ֆինանսական օգնության հիմնադրամի չափի վերաբերյալ, սակայն Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ֆրանսուա Բարուանն ավելի ուշ հայտնել է այս հարցի շուրջ համաձայնության գալու մասին:

XS
SM
MD
LG