Մատչելի հղումներ

«Խայտառակություն. Ադրբեջանն ու ընտրությունների սովորական դիտարկման վերջը»


«Եվրոպական կայունություն նախաձեռնություն» կազմակերպությունը քննադատել է ընտրությունների դիտարկման իրականացման ներկայիս համակարգը

«Ալիևի հաղթանակը և միջազգային դիտորդների հիմնական մասի կողմից այն հավանության արժանացնելու սկանդալային հանգամանքը հնարավորություն է ընձեռում շտկելու շարքից դուրս եկած համակարգը: Դա օգտակար կլինի ոչ միայն ադրբեջանցիների, այլև բոլոր նրանց համար, ովքեր Եվրոպայում և ամբողջ աշխարհում հավատացած են, որ ժողովրդավարական ընտրությունները փառաբանում են մարդու հիմնարար իրավունքները»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել «Եվրոպական կայունություն նախաձեռնություն» կազմակերպությունը «Խայտառակություն. Ադրբեջանն ու ընտրությունների սովորական դիտարկման վերջը» զեկույցի հրապարակման մասին տեղեկացնող մամուլի հաղորդագրության մեջ, որտեղ նշված է, որ Ադրբեջանում այս տարվա հոկտեմբերին անցկացված նախագահական ընտրությունները որպես ազատ և արդար են գնահատել դիտորդական 50 խմբերից 49-ը, սակայն միայն մեկը, այն է՝ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը, հրաժարվել էր այդ երկրում անցկացված նախագահական ընտրությունները գովաբանելուց:

Հաղորդագրությունը նշում է, որ Եվրոպական խորհրդարանական երկու կազմակերպություններ՝ Եվրոպական խորհրդարանն ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը վստահեցրել են ադրբեջանցիներին, որ իրենց երկրում անցկացված ընտրություններն «ազատ են, արդար և թափանցիկ», և որ Եվրոպական Խորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավար Փինո Արլաչին հարցականի տակ է դրել ԺՀՄԻԳ-ի լեգիտիմությունը՝ պնդելով, որ այս մարմինն «ոչ ոքի կողմից ընտրված չէ, այն հեշտ է մեքենայությունների ենթարկել և այնտեղ աշխատում են այսպես կոչված փորձագետներ»:

«Եվրոպական կայունություն նախաձեռնության» զեկույցը հիշեցնում է սակայն, որ, որպես կանոն, կարճաժամկետ դիտորդական առաքելությունների մասնակիցները ժամանում են ընտրություններ անցկացնող երկիր ընտրություններից մոտ երկու օր առաջ: Այս առաքելությունների դիտորդներին ներկայացվում են ընտրարշավի մանրամասներ, նրանք մեկ օրվա ընթացքում անցկացնում են հանդիպումներ կառավարության, ընդդիմության, ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, իսկ ընտրությունների օրը, հաշվի առնելով առաքելության սահմանափակ ծավալը, կարողանում են այցելել ընդամենը մի քանի ընտրատարածք:

Ըստ «Եվրոպական կայունություն նախաձեռնության» զեկույցի, դիտորդական նման առաքելությունների մասնակիցներից շատ քչերն են ներկա լինում ձայների հաշվառման վճռական փուլին, ապա հեռանում են երկրից՝ ընտրություններ հաջորդ օրը:

Կազմակերպությունը պնդում է սակայն, որ ընտրությունների մոնիթորինգի իրականացումը մեծ ռեսուրսներ պահանջող նախաձեռնություն է, որի համար ԺՀՄԻԳ-ն օգտվում է ինչպես փորձագետների հիմնական խումբը, երկիր ընտրությունների անցկացումից մի քանի շաբաթ առաջ ժամանող երկարատև դիտորդական առաքելության մասնակիցների ծառայություններից, իսկ ընտրությունների օրը մոբիլիզացնում է նաև բազմաթիվ կարճաժամկետ դիտորդներ:

Ըստ զեկույցի, Ադրբեջանում անցկացված ընտրությունների ընթացքում ԺՀՄԻԳ-ի դիտորդները իրականացրել են ընտրությունների ընթացքի մոնիթորինգ երկրի 5273 ընտրատարածքներից 1151-ում:

«Դրանցից ճնշող մեծամասնությունում հավաքվել են համակարգային խարդախությունների վկայություններ: Քվեարկությունը խնդրահարույց էր, իսկ ձայների հաշվառումն՝ աղետալի. դիտարկված ընտրատարածքների 58 տոկոսում այն գնահատվել էր որպես «վատ» կամ «շատ վատ»: Այն, ըստ էության, ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության կողմից որևէ երկրում անցկացված ձայների հաշվառման ամենավատ օրինակն է եղել», - ասված է հաղորդագրության մեջ:

«Բաքվում 2013 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները բացահայտել են ընտրությունների միջազգային դիտարկումն իրականացնելու համակարգի անսարքությունը: Միջազգային դիտորդները պետք է տրամադրեն Եվրոպական և միջազգային ժողովրդավարական չափանիշներին ընտրությունների համապատասխանության վերաբերյալ փաստաթղթավորված դիտարկումների հիման վրա կատարվող անաչառ գնահատական: Դա պետք է օժանդակի ընտրությունների արդյունքների շուրջ ներպետական վեճերի կարգավորմանը՝ միաժամանակ դառնալով միջազգային հանրության կողմից կառավարության հետ ապագայում աշխատելու ուղենիշ», - ասված է հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG