Մատչելի հղումներ

ԵՄ-ը 195 միլիոն դոլարով տուգանել է դեղագործական մի շարք ընկերություններ


ԵՄ-ի մրցակցության գծով հանձնակատար. «Վճարման դիմաց հետաձգման մասին պայմանավորվածությունն անմիջական վնաս է հասցրել հիվանդներին և առողջապահության ազգային համակարգերին, որոնք արդեն իսկ գտնվում են բյուջետային սուղ պայմաններում»

Եվրոպական Միության հակամենաշնորհային կարգավորող մարմինը տուգանել է Դանիայի դեղագործական ընկերություններից մեկն ու գեներիկ՝ վերարտադրված դեղամիջոցներ արտադրող մի շարք դեղագործական ընկերություններ՝ մեծ ժողովրդականություն վայելող ընկճվածության դեմ դեղի վերարտադրված տեսակի շուկայահանումն ուշացնելու պատճառով:

Դանիական «Lundbeck» ընկերությանը կարգավորող մարմինները տուգանել են 125 միլիոն դոլարով, մինչդեռ վերարտադրված դեղեր արտադրողների նկատմամբ կիրառված տուգանքը կազմել է 70 միլիոն դոլար:

«Lundbeck» ընկերությանը ԵՄ-ի մարմինները մեղադրել են «ցիտալոփրամ» ընկճվածության դեմ պայքարող դեղերի վերարտադրված տեսակի շուկայահանումը հետաձգելու նպատակով այլ ընկերություններին վճարումներ տրամադրելու մեջ:

Գեներիկ դեղերի արժեքը սովորաբար կազմում է դեղամիջոցը մշակած ընկերության արտադրանքի գնի չնչին մասը:

ԵՄ-ի մրցակցության գծով հանձնակատար Հոաքին Ալմունիան ասել է, թե վճարման դիմաց հետաձգման մասին պայմանավորվածությունն «անմիջական վնաս է հասցրել հիվանդներին և առողջապահության ազգային համակարգերին, որոնք արդեն իսկ գտնվում են բյուջետային սուղ պայմաններում»: Ալմունիայի համաձայն, Եվրահանձնաժողովը «չի հանդուրժի հակամրցակցային որևէ գործելակերպ»:

«Lundbeck»-ն իր հերթին հայտնել է, թե նախատեսում է բողոքարկել կարգավորիչի կողմից ընդունված որոշումը:
XS
SM
MD
LG