Մատչելի հղումներ

Գազայի շրջափակումը վերացնելու Եվրամիության նախարարների առաջարկը


Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի արտգործնախարարներն առաջարկել են ԵՄ-ի վերահսկողության թիմին` Կիպրոսում ստուգել Գազայի համար նախատեսված բեռները

Եվրամիության մի քանի արտգործնախարարներ նոր ծրագիր են առաջարկել Իսրայելի կողմից Գազայի շրջափակումը վերացնելու համար:

Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի արտգործնախարարներն առաջարկել են ԵՄ-ի վերահսկողության թիմին` Կիպրոսում ստուգել Գազայի համար նախատեսված բեռները` կանխելու զենքի և չթույլատրվող այլ իրերի ներթափանցումը պաղեստինյան տարածքներ:

Նախարարների խոսքերով, Իսրայելի կողմից Գազայի գոտու եռամյա շրջափակումն է եղել մարդասիրական օգնությամբ բեռնված նավերի վրա այս երկրի զինված ուժերի հարձակման պատճառը:

Երբ 2007թ. Համաս մահմեդական շարժումն իր ձեռքը վերցրեց Գազայի վերահսկողությունը, Իսրայելը շրջափակեց Գազայի գոտին` կանխելու պաղեստինցի զինյալների կողմից զենքի փոխադրումները:

Իտալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի արտգործնախարարների հաղորդմամբ, Գազայի շրջափակումը վերացնելու ջանքերը կզուգակցվեն երաշխիքների ապահովմամբ, առ այն, որ դա չի նպաստի ահաբեկչական խմբերի ներթափանցման կամ զինամթերքի ապօրինի փոխադրման:

Իսրայելը միջազգային քննադատության ենթարկվեց, երբ այս երկրի զինվորները սպանեցին պաղեստինամետ ինը ակտիվիստների, ովքեր փորձել էին, ճեղքելով շրջափակումը, մարդասիրական օգնությամբ բեռնված նավերը հասցնել Գազա:

Իսրայելն իր գործողություններն արդարացնում էր՝ դրանք ինքնապաշտպանություն անվանելով:

ԵՄ-ի արտգործնախարարները Գազայի իրադրության շուրջ քննարկում կանցկացնեն երկուշաբթի օրը:

XS
SM
MD
LG