Մատչելի հղումներ

ԵՄ-ը կքննարկի Սիրիայի ապստամբներին զինելու հարցը


Այսօր լրանում է Սիրիայում քաղաքացիական ապստամբության երկրորդ տարելիցը

Եվրոպական Միության Բրյուսելում ուրբաթ օրը կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկվի այն հարցը, թե արդյոք անհրաժեշտ է զենք տրամադրել Սիրիայի կառավարական ստորաբաժանումների դեմ պայքար մղող ապստամբներին:

Հանդիպում անցկացվում է մարտի 15-ին, երբ լրանում է Սիրիայում քաղաքացիական ապստամբության երկրորդ տարելիցը: Եվրոպական Միության կողմից սահմանված էմբարգոն ներկայում արգելում է դաշինքի անդամներին Սիրիայի ընդդիմությանը սպառազինություն տրամադրել, սակայն այս արգելքը լրանում է այս տարվա մայիս ամսին:

Այս ընթացքում Ֆրանսիայի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են աշխատել Մեծ Բրիտանիայի հետ Սիրիայի ապստամբներին զինելու հարցում նույնիսկ այն դեպքում, երբ չկա այլ պետությունների հետ Սիրիայի ապստամբներին զենք ուղարկելու մասին համաձայնություն:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը նախօրեին ասել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ցանկանում են, որ Եվրոպական Միությունն արտակարգ հանդիպում ժողովի՝ քննարկելու զենքի մատակարարման էմբարգոն հանելու հնարավորությունը, և որ այս բանակցությունները կանցկացվեն մինչև այս ամսվա վերջ:

Արտգործնախարար Ֆաբիուսը նշել է, որ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան պատրաստ են իրականացնել ապստամբներին զենք ուղարկելու իրենց ծրագիրը նույնիսկ այն դեպքում, եթե եվրոպական այլ պետությունները չհամաձայնեն էմբարգոն դադարեցնելուն:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը դատապարտել էր Սիրիայի ապստամբներին զինելու մասին բանակցությունների անցկացումը՝ ասելով, որ, միջազգային օրենքի համաձայն, նման քայլն անօրինական կլինի:
XS
SM
MD
LG