Մատչելի հղումներ

ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նկատմամբ


Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգ

Եվրոպական Միությունը որոշում է կայացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մերձավորների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին:

Բրյուսելում հանդիպում անցկացնող Եվրամիության արտգործնախարարները որոշում են կայացրել ճանապարհորդական արգելք և ակտիվների սառեցում կիրառել Սիրիայի նախագահի վարչակազմի և ընտանիքի անդամների նկատմամբ, ներառյալ Մեծ Բրիտանիայում ծնված առաջին տիկին Ասմա ալ-Ասադի նկատմամբ:

Սիրիայի առաջին տիկինը վերջերս ուշադրություն է գրավել, երբ բրիտանական «Գարդիան» պարբերականը հրապարակել է էլեկտրոնային հաղորդագրություններից մեկում պարունակվող տեղեկություններ այն մասին, որ երկրում շարունակվող բռնությունների պայմաններում առաջին տիկինը դուրս է եկել մեծածավալ գնումներ կատարելու:

Դեռևս հայտնի չէ, արդյոք ճանապարհորդական արգելքը կխոչընդոտի Ասմա ալ-Ասադին Մեծ Բրիտանիա այցելություններ կատարելուց, քանի որ վերջինս դեռևս Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունի:

Եվրամիության արտգործնախարարների հանդիպումից առաջ Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգն ասել է, որ պատժամիջոցները կնպաստեն «մարդասպանություն իրականացնող» Սիրիայի կառավարության նկատմամբ գործադրվող ճնշման ուժեղացման:

Դիվանագետների համաձայն, պատժամիջոցների ենթարկված անձանց ամբողջական ցուցակը կհրապարակվի պատժամիջոցների շաբաթ օրն ուժի մեջ մտնելուց հետո:

XS
SM
MD
LG