Մատչելի հղումներ

ԵՄ-ն միջոցներ է ձեռնարկում գաղթականների հարցը լուծելու համար


Fence1 EU Immigrants
Fence1 EU Immigrants

ԵՄ մուտք գործող գաղթականների թիվը անցել է հարյուր հազարը: Եվրոպական ղեկավարները լուծումների փնտրտուքի մեջ են և չեն կարողանում համաձայնության գալ հատկապես բաշխման չափաբաժինների շուրջ:

Ներգաղթի պատճառով Եվրոպայում ստեղծվել է արտակարգ իրավիճակ: 2007 թ-ի Լիսաբոնի համաձայնագրի 78-րդ հոդվածը թույլ է տալիս ԵՄ-ի բոլոր երկրների միասնական կատարմանը ենթակա համապատասխան ընթացակարգային միջոցներ ձեռնարկել արտակարգ իրավիճակներում, որոնք ընդգրկում են երրորդ երկրների քաղաքացիների անսպասելի զանգվածային ներհոսքը: ԵՄ-ի գոյության ընթացքում նման արտակարգ միջոցներ առաջին անգամ են կիրառվում:

Ծրագրվում է 40 000 գաղթականներին, ըստ երկրների չափաբաժինների, վերաբաշխել տարբեր եվրոպական երկրներով՝ այդպիսով թեթևացնելով Հունաստանի ու Իտալիայի բեռը:

Իտալիայում կենտրոնացած է 24, իսկ Հունաստանում՝ 16 հազար փախստական: Սակայն եվրոպական պաշտոնյաները միջոցներ են փնտրում տարանջատելու տնտեսական ներգաղթողներին, պատերազմից ու ավերից իրենց երկրներից հեռացած փախստականներից: Վերջինները, ըստ միջազգային օրենքների, իրավասու են ապաստան խնդրել ԵՄ-ում և ստանալ այն քաղաքական ու մարդասիրական նկատառումներով:

Ըստ նոր ծրագրի նախատեսվում է նաև ԵՄ-ի տարածք տեղափոխել Թուրքիայի, Հորդանանի ու Լիբանանի ճամբարներում գտնվող 20 000 սիրիացի՛ փախստականների:

Գերմանիան ու ֆրանսիան միասին պետք է ընդունեն վերաբաշխման ենթակա բոլոր մարդկանց 30 տոկոսը: Մնացած գաղթականները պետք է բաշխվեն ԵՄ-ի մյուս երկրներում: Սակայն Իսպանիայում 23 տոկոս գործազրկություն կա ու արդեն այնտեղ գտնվող անփաստաթուղթ ներգաղթյալների հոծ զանգվածների հետ կապված մեծ խնդիրներ գոյություն ունեն։ Ուստի Իսպանիան դժգոհ է իր չափաբաժնից: Այդ առումով իր կարծիքը անտեսված է համարում նաև Բուլղարիան: Լեհաստանի վարչապետը նույնպես ընդդիմացել է բաշխման չափաբաժիններին և ընդգծել, որ ԵՄ-ի անդամ երկրները իրենք պետք է որոշեն իրենց անելիքը և չափաբաժինը:

Եվրոպական հանձնաժողովը մտադիր է լուծել գաղթականության խնդիրը՝ իր բոլոր բաղադրիչներով հանդերձ: Բոլորը համաձայն են, որ այս խնդրին պետք է շուտափույտ լուծում տալ, բայց «ինչպես դա անել» հարցը դեռևս մնում է առկախված:

Տիգրան Մարտիրոսյան

XS
SM
MD
LG