Մատչելի հղումներ

«Հայաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ-ի համաձայնագրերը կնպաստեն տարածաշրջանի անվտանգության ամրապնդման»


«Ասոցացման համաձայնագիրը, որի շուրջ Եվրամիությունը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ, պետք է ամրապնդի անվտանգությունը տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը նպաստելու, ինչպես նաև Եվրոպական Միության կողմից տրամադրվող աջակցության համար որպես նախապայման այս երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի բարելավումն ու ժողովրդավարական բարեփոխումները դնելու միջոցով: Այս նպատակներին հասնելու համար երկու պետություններում էլ դեռևս մեծ աշխատանք պետք է կատարվի»:

Այս մասին ասված է Եվրախորհրդարանի կողմից չորեքշաբթի օրն ընդունված բանաձևի մասին տեղեկացնող հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության, բանաձևում նախանշվել են այն հարցերը, որոնց Եվրամիության պաշտոնյաները պետք է հետամուտ լինեն՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումներում ու Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում:

Բանաձևում բարձր է գնահատվել մինչ օրս Հայաստանում բարեփոխումներ անցկացնելու հավակնությունը և Ադրբեջանի հետ էներգետիկայի ոլորտում ծավալված համագործակցությունը, սակայն խորհուրդ է տրվել նաև Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների և Ադրբեջանում «Եվրատեսիլ-2012» փառատոնի ընթացքում զերծ մնալ մարդու իրավունքների խախտումներից:

Հաղորդագրությունում նշվել է նաև, որ Եվրախորհրդարանը հորդորել է երկու կողմերին ավելի մեծ ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ուղղությամբ: Խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում դատապարտվել է տարածաշրջանի շարունակվող ռազմականացումը և կոչ է արվել ԵՄ-ի անդամ պետություններին դադարեցնել զենքին և զինամթերքի մատակարարումը երկու պետություններին:

Եվրախորհրդարանի անդամները հորդորել են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին մեղմացնել իրենց հռետորաբանությունը՝ ստեղծելով իրական երկխոսություն մեկնարկելու հնավորություն:

Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողներ Թոմաշ Պյոտր Պորեբան և Աննելի Յահաթեենմյաքին շեշտել են, որ չնայած Ասոցացման համաձայնագրերը չեն կարող լուծել հակամարտությունը, Եվրամիությունն այնուամենայնիվ պետք է տարածաշրջանում կայունության պահպանման ուղղությամբ ջանքեր գործադրի՝ այդ թվում նշելով երիտասարդների և գիտության ոլորտի աշխատողների փոխանակման ծրագրերի կարևորությունը, որոնք կնպաստեն երկու կողմերի միջև վստահության բարձրացման:

XS
SM
MD
LG