Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատարին


«Արտգործնախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը առաջ մղելու հնարավորինս լայն ձևաչափերով Եվրոպական միության հետ փոխգործակցությունը»

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության, Նալբանդյանն ու Ֆյուլեն անդրադարձել են Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը։

«Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը առաջ մղելու հնարավորինս լայն ձևաչափերով Եվրոպական միության հետ փոխգործակցությունը՝ շարժունակության, բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմաոլորտ տնտեսական համագործակցության և այլ բնագավառներում՝ ընդգծելով, որ Հայաստանը ցանկանում է շարունակել հնարավոր սերտ գործընկերությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար հնարավոր կլինի դա և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Արտգործնախարար Նալբանդյանի և հանձնակատար Ֆյուլեի միջև կայացած հանդիպմանը քննարկվել են Վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ սեպտեմբերի 12-13-ը Երևանում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Զուգահեռ Երևանում կկայանա Արևելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։

Այս միջոցառումներին, ըստ Հայաստանի արտգործնախարարության, կմասնակցեն Արևելյան գործընկերության անդամ երկրների արտաքին գործերի, կրթության նախարարները, ԵՄ-ի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլուն, ԵՄ-ի արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիտը։

«Էդվարդ Նալբանդյանը և Շտեֆան Ֆյուլեն պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել ինտենսիվ խորհրդատվությունները Հայաստանի և Եվրոպական միության միջև», - եզրափակում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի միջև կայացած հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունը։
XS
SM
MD
LG