Մատչելի հղումներ

«Ողջունում ենք Հայաստանի իշխանությունների գրանցած առաջընթացը». ԵՄ


Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոն
Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոն

«Ակնկալում ենք, որ առաջիկայում Հայաստանի իշխանություններն պատշաճ կարգով կարձագանքեն մի շարք ակնառու մտահոգությունների»

Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ այսօր հայտարարությամբ են հանդես եկել Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասված է.

«Հաշվի ենք առել Հայաստանում փետրվարի 18-ին անցկացված ընտրությունների նախնական արդյունքները և ողջունում ենք միջազգային դիտորդների առաքելության կողմից ընտրությունների անցկացման վերաբերյալ հրապարակած նախնական արդյունքներն ու գնահատականները:

Մենք ողջունում ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակել են առաջընթաց արձանագրել նախագահական այս ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու իրենց ջանքերում՝ մասնավորապես ընտրական գործընթացի վարչարարության բարելավման, թեկնածուներին ընտրարշավի ազատ անցկացման հնարավորության տրամադրման, ինչպես նաև ընտրացուցակների որակի բարձրացման միջոցով»։

«Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք, որ առաջիկայում Հայաստանի իշխանություններն պատշաճ կարգով կարձագանքեն մի շարք ակնառու մտահոգությունների, ներառյալ հանրային ծառայողների կողմնակալության դեպքերի, վարչական ռեսուրսի չարաշահման մասին մեղադրանքների, ընտրարշավի ֆինանսական դրույթների անհստակ լինելու և ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքերի վերաբերյալ հաղորդումներին: Հորդորում ենք նաև Հայաստանի իշխանություններին ձեռնարկել ընտրական օրենսդրության բարեփոխման համապարփակ և թափանցիկ գործընթաց՝ 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի տված հանձնարարականներին համապատասխան», - եզրափակում է Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի և Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը:
XS
SM
MD
LG