Մատչելի հղումներ

ԵՄ-ը և Հայաստանն առևտրային համաձայնագրի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել


«Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը զգալի ազդեցություն կունենա Հայաստանի առևտրի վրա»

«Եվրոպական Միությունն ու Հայաստանի Հանրապետությունն այսօր Երևանում հաջողությամբ եզրափակել են Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնք կազմել են Եվրամիության և Հայաստանի միջև Ասոցացման մասին պայմանագրի բաղկացուցիչ մասերից մեկը»:

Այս մասին ասված է Եվրոպական Միության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, որի համաձայն Երևանում անցկացված բանակցությունների յոթերորդ և վերջին շրջանի արդյունքում բանագնացները համաձայնության են հասել Եվրամիության և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունների համար նոր շրջանակ ստեղծող գործարքի հիմնատակ տարրերի շուրջ:

«Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը տնտեսական առումով կուժեղացնի Հայաստանի ինտեգրումը ԵՄ-ի հետ՝ հայկական և եվրոպական ապրանքների և ծառայությունների համար ապահովելով միմյանց շուկաներ մուտքի առավել լավ հնարավորություն: Այն Հայաստանին կառաջարկի առևտրային հարաբերությունների արդիականացման և տնտեսական զարգացման շրջանակ՝ առևտրի հետ առնչվող տարբեր ոլորտներում օրենքների և նորմատիվ ակտերի ներդաշնակեցման միջոցով։ Այս բարեփոխումները պայմաններ կստեղծեն, որպեսզի Հայաստանն իր տնտեսության կարևոր ճյուղերը հասցնի ԵՄ-ի չափանիշներին: Սպասվում է որ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը տնտեսական օգուտ կբերի և՛ Եվրամիությանը, և՛Հայաստանին», - ասված է հաղորդագրության մեջ:

Եվրամիության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, անկախ վերլուծությունները ցույց են տալիս, որ երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի տնտեսությունը տարեկան կստանա հավելյալ 146 միլիոն եվրո, այսինքն՝ համախառն ներքին արդյունքի 2,3%-ի աճ, իսկ Եվրամիության օգուտն այս պայմանագրից կկազմի մոտ 74 միլիոն եվրո:

«Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը զգալի ազդեցություն կունենա Հայաստանի առևտրի վրա: Սպասվում է, որ երկարաժամկետում Հայաստանից արտահանումների 15,2% և ներմուծումների 8,2% աճը թույլ կտա հարաբերական առումով բարելավել երկրի առևտրային հաշվեկշիռը», - եզրափակում է Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ հաղորդագրությունը։
XS
SM
MD
LG