Մատչելի հղումներ

Էրդողանը խոստացել է չմիջամտել Սիրիայի հակամարտությանը


Սիրիայի իշխանությունների համաձայն, տեղի ունեցածի համար պատասխանատվություն է կրում Թուրքիայի կառավարությունը, որը «ահաբեկիչների ապաստանի» է վերածել երկրի սահմանամերձ շրջանները

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդեղանը խոստացել է չմիջամտել Սիրիայի քաղաքացիական հակամարտությանը:

Հանդես գալով Ստամբուլում՝ Էրդողանն ասել է, թե Թուրքիան «չի կորցնի հավասարակշռությունը»՝ չնայած այն սադրանքների, որոնք ուղղված են երկիրը «սիրիական ճահիճ» ներքաշելուն:

Թուրքիայի իշխանությունները հայտնել են Ռեյհանլի քաղաքում շաբաթ օրը տեղի ունեցած հարձակման կապակցությամբ Թուրքիայի ինը քաղաքացու ձերբակալության մասին, որոնց մեղադրում են Սիրիայի հետախուզական ծառայությունների հետ կապեր ունենալու մեջ: Իշխանությունների համաձայն, ձերբակալվածների թվում են հարձակումը ծրագրավորած անձինք, որոնցից մի քանիսն արդեն խոստովանել են իրենց ներգրավվածությունը:

Սիրիայի տեղեկատվության նախարարն իր հերթին հերքել է իր կառավարության ներգրավվածությունը Թուրքիայում տեղի ունեցած ռմբակոծություններին: Օմրան ալ-Զուբիի համաձայն, տեղի ունեցածի համար պատասխանատվություն է կրում Թուրքիայի կառավարությունը, որը «ահաբեկիչների ապաստանի» է վերածել երկրի սահմանամերձ շրջանները:

Թուրքիայի Ռեյհանլի քաղաքում շաբաթ օրը տեղի ունեցած զույգ պայթյունների հետևանքով զոհվել է 46, վնասվածքներ ստացել՝ 100-ից ավելի մարդ: Հարձակումն իրականացնելու համար պատասխանատվությունը դեռևս ոչ ոք իր վրա չի վերցրել:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին, դատապարտելով տեղի ունեցած պայթյունները, ասել է, թե Միացյալ Նահանգները կանգնած է Թուրքիայի կողքին:
XS
SM
MD
LG