Մատչելի հղումներ

Էրդողան. «Թուրքիան այն երկիրը չէ, որին հնարվոր է հեշտությամբ կուլ տալ»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` 2010թ. Ֆրանսիա կատարված այցի ժամանակ (արխիվային լուսանկար)

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին` Հայաստանում վերջինիս կողմից արված հայտարարությունների պատճառով:

Խոսելով Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների մասին` Էրդողանը մեղադրել է Սարկոզիին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերը ներքաղաքական խնդիրները լուծելու նպատակով օգտագործելու մեջ:

«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը, հանդես գալով իր «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներին ուղղված ուղերձով, ասել է, թե «Ֆրանսիայի նախագահը Հայաստան կատարվելիք այցի ընթացքում կողմնակալ խորհուրդներ է տվել Թուրքիային` օգտագործելով այս [Հայոց ցեղասպանության] խնդիրը որպես նախընտրական գործիք»:

«Խորհուրդ տվեք ինքներդ ձեզ, սթափվեք», - շարունակելով իր խոսքը` ասել է Էրդողանը: - «Ձեր երկրում բնակվում է 600 հազար հայ և 500 հազար թուրք: Մի կողմից դուք հարաբերություններ եք պահպանում Թուրքիայի հետ, մյուս կողմից` չեք տեսնում ամբողջական պատկերը և նման դիրք եք ընդունում միայն այն պատճառով, որ այդ երկու խմբերի տնտեսական կարողությունները տարբեր են: Ներեցեք, բայց Թուրքիան այն երկիրը չէ, որին հնարվոր է հեշտությամբ կուլ տալ»:

Հիշեցնենք, որ Հայաստան անցյալ շաբաթ կատարված իր այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հորդորել էր Թուրքիային վերանայել պատմությունը և որպես ցեղասպանություն ճանաչել գրեթե 100 տարի առաջ տեղի ունեցած ջարդերը:

Սարկոզին ասել էր, որ Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի կողմից ճանաչված պատմական իրականություն է՝ անվանելով միասնական հերքումն անհատների կողմից կատարվող հերքումից ավելի վատ երևույթ:

Ֆրանսիայի նախագահն ասել էր, որ բոլոր մեծ երկրները, ներառյալ Թուրքիան, վերանայելով իրենց պատմությունը, կատարում են իրենց պատիվը բարձրացնող քայլ:

XS
SM
MD
LG