Ըստ Սմիթսոնյան ինստիտուտի՝ աշխարհում ապրող գորտերի տեսակների 40 տոկոսը վերացման վտանգի առջև է կանգնած: Շրջակա միջավայրի աղտոտումը, թունաքիմիկատները, կլիմայական փոփոխությունը և սնկային հիվանդությունները կրճատում են երկկենցաղների բազմազան խումբը: Մինչև վերջերս Պանամայի կենտրոնական արևադարձային անտառը հարուստ էր գորտերի տեսակներով: Սմիթսոնյան հաստատության շրջակա միջավայրի պահպանման մասնագետ Բրայըն Գրատվիքը ղեկավարում է անհայտանալու վտանգի առջև կանգնած գորտերի տեսակները փրկելուն և վերարտադրելուն ուղղված առաքելությունը՝ Պանամայում գործող «Երկկենցաղների փրկության ծրագիրը»:
Գրատվիքի համաձայն, գորտերը վերանում են ամբողջ աշխարհում, և բոլոր տեսակ գորտերի տեսակների գրեթե 40 տոկոսը վտանգված է:
Կենտրոնական Պանամայի Սիերա Լորոնա արևադարձային անտառում հարուստ ներկայացված է կենդանական և բուսական աշխարհի բազմազանությունը: Անտառում հատկապես շատ են գորտերի տեսակները, որոնց և փնտրում է Բրայըն Գրատվիքը և նրա աշխատանքային խումբը:
Խումբը մի քանի ժամ հետևում է վտակին՝ փնտրելով վայրի գորտեր: Նրանց ուղեկից Խորխե Ալբերտո Գոնսալեսը կարող է բռնել ջունգլիի նույնիսկ ամենափոքր գորտին:
Սակայն դրանց գտնելը գնալով դժվարանում է։ Գիտնականների գնահատմամբ՝ գորտերի 120 տեսակ վերացել է անցած 20 տարիների ընթացքում: Դրանցից շատերը վերացել են խիտրիդային սնկերի պատճառով առաջացող հիվանդությունից:
Գրատվիքը բամբակով մաքրում է գորտի ոտքերը և ստամոքսը՝ դրանք անալիզի ենթարկելու համար: Նա փնտրում է սնկային հիվանդության այն տեսակը, որ վերջին տարիներին սպանել է Կենտրոնական Ամերիկային լեռնային գորտերի գրեթե 80 տոկոսին և այժմ տարածվում է դեպի հարավ՝ ավելի տաք շրջաններ:
«Պանամայի «Երկկենցաղների փրկության ծրագրի» շրջանակում փորձում ենք հասնել արևմտյան Պանամա՝ նախքան հիվանդությունը կհասնի այնտեղ, և հավաքել մեր կարծիքով վերացման վտանգի առջև կանգնած գորտերի այնքան տեսակ, որքան կկարողանանք: Գորտերին բռնելուց հետո հնարավոր կլինի բազմացնել դրանց», - ասում է Գրատվիքը:
Գրատվիքը գիտնական լինելուց բացի նաև հմուտ լուսանկարիչ է: Երկկենցաղների ծրագրի կայքի համար ինքը լուսանկարում է բռնած յուրաքանչյուր գորտ:
Այժմ Պանամա Սիթիին կից այգում Սմիթսոնյան հաստատության խումբը ժամանակավոր վայր է հաստատել՝ բռնված գորտերին տեղավորելու համար: Կոնտեյներում ստեղծված առողջ միջավայրում պահվում է բազմացման պատրաստ մոտ 200 գորտ:
«Այստեղ ունենք Լա-լոմա ծառի գորտ: Սա գեղեցիկ կանաչ գորտ է, որն աչքում բաց նարնջագույն շերտագիծ ունի: Գորտերի այս տեսակը զգայուն է խիտրիդային սնկերի պատճառով առաջացող հիվանդության նկատմամբ, որը տարածվում է Կոստա-Ռիկայից մինչև Կոլումբիա», - ասում է Գրատվիքը:
Գրատվիքի խոսքերով՝ սնկային հիվանդությունը կարող է բուժվել միայն լաբորատորիայում:
Վաշինգտոնի Ազգային կենդանաբանական այգում կարելի է տեսնել Պանամայի ոսկե գորտերի: Այսօր Միացյալ Նահանգներում գիտնականները վերարտադրել են ավելի քան երկու հազար ոսկե գորտեր:
Ինչու՞ են գորտերն այդքան կարևոր: Գրատվիքի խոսքերով՝ գորտերը սննդի շղթայի մեջտեղում են՝ նրանք միջատ են ուտում և միաժամանակ սնունդ են ավելի մեծ կենդանիների համար:
Մարդկանց համար օգտակարության առումով՝ գիտնականները հավատացած են, որ գորտերի մաշկը պարունակում է քիմիկատներ, որոնք կարող են հանգեցնել բժշկական նոր հայտնագործությունների։
Մինչև այժմ գորտերի փրկության արշավը Պանամայի գորտերի չորս տեսակների փրկության պայմաններ է ստեղծել։ Գիտնականների խումբը հուսով է՝ կկարողանա գտնել մահացու սնկային հիվանդության բուժումը և մի օր արևադարձային անտառ վերադարձնել գորտերին: