Մատչելի հղումներ

Էլեկտրականությամբ աշխատող նոր հեծանիվ՝ «Էկոտրայք»


Էլեկտրականությամբ աշխատող փոքրածավալ փոխադրամիջոց Ֆիլիպիններում
Էլեկտրականությամբ աշխատող փոքրածավալ փոխադրամիջոց Ֆիլիպիններում

Ավելի քան մեկ տասնյակ տարի Տիեզերագնացության և տիեզերքի ուսումնասիրության ազգային գործակալության նախկին աշխատակից կենսաճարտարագետ Էնդի Շոնբըրգը իր ավտոտնակում պատրաստում էր արեգակնային էներգիայով և «զրո արտանետումներով» աշխատող յուրօրինակ փոխադրամիջոց:

Շրջակա միջավայրի մասին մտահոգ Էնդին թոշակի անցնելուց անմիջապես հետո սկսեց «կանաչ» փոխադրամիջոց կառուցելու իր փնտրտուքները:

Յութա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում Շոնբըրգը արտոսովոր տեսքով և արեգակնային էներգիայով աշխատող հեծանիվ ստեղծեց :

Շոնբըրգի հեծանիվի անունը «Էկոտրայք» է, և վնաս չի պատճառում շրջակա միջավայրին:

Արտաքնապես շատ նման լինելով հեծանիվ-տաքսիներին, «Էկոտրայք»-ը երեք անիվով նորարար և յուրահատուկ առանձնահատկություններով հեծանիվ է:

Հեծանիվի ամենամեծ տարբերությունն այն է, որ վարողը չունի ոտնակներ պտտելու կարիքը, քանի որ այն աշխատում է արեգակնային էներգիայով:

«Արագության առումով այն համեմատելի է մոտոռոլերի: Սակայն հարմարավետության և անվտանգության առումով այն համեմատելի չէ, քանի որ այն ունի ծածկ, ամրագոտի, և դրանում մարդը այնքան խոցելի չէ, որքան մոտոցիկլետում», - ասում է Շոնբըրգը:

Յութայի համալսարանի ճարտարագիտության նախկին պրոֆեսոր և ՆԱՍԱ-ի նախկին կենսաինժիներ Էնդի Շոնբըրգը հնարել է զրո արտանետմամբ, 5 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով հեծանիվ:

Այս փոխադրամիջոցը սովորական մեքենայի կես չափն ունի: «Էկոտրայք»-ի կմախքը կշռում է գրեթե 200 կիլոգրամ, գրեթե 100 կիլոգրամ քաշ ունեն նաև մարտկոցներն ու այլ բաղադրիչները:

«Ես ճարտարագիտության բակալավրի և գործիքային ճարտարագիտության մագիստրոսի կոչում ունեմ, նաև դոկտորական եմ պաշտպանել կենսաֆիզիկայի և կենսաճարտարագիտության ասպարեզում: Ես աշխատում էի վերականգնողական ճարտարագիտության ոլորտում, օգնում սահմանափակ կարողություններով մարդկանց, սակայն թոշակի անցնելուց հետո հասկացա, որ ուզում եմ մոլորակը կանաչ դարձնել՝ առանց հանածո վառելիք օգտագործելու: Շատ եմ աշխատել արևային էներգիայով մեքենա ստեղծելու համար», - նշել է Շոնբըրգը:

Նրա խոսքերով՝ էլեկտրոնային այլ փոխադրամիջոցների նման, «Էկոտրայք»-ը արտանետում չունի, սակայն ի տարբերություն դրանց՝ այն կախված չէ էլեկտրական հոսանքից, որն արտադրվում է ածուխի այրմամբ աշխատող էլեկտրակայաններից:

Այդ պատճառով է, որ Շոնբըրգը իր նորարությունը կոչում է «իրական զրո արտանետումներով» փոխադրամիջոց:

Ըստ Շոնբըրգի, իր մեքենան «կանաչ» է, քանի որ աշխատելիս այն հանածո նյութեր չի այրում:

Շոնբըրգի խոսքերով՝ իր առաջին արեգակնային էներգիայով աշխատող հեծանվի արագությունը հասել է մինչև ժամում 30 կիլոմետրի: Սակայն երեք տարի անց նոր տեխնոլոգիայի արդիացմամբ՝ հեծանիվն ամբողջությամբ լիցքավորված լինելու դեպքում կարող է մեկ ժամ ընթանալ ժամում 56 կիլոմետր արագությամբ:

«Պարզվում է՝ տեխնոլոգիան շատ արագ է ընթանում: Նախկինում ցածր գնով շարժիչ չկար, այժմ դրանք էժան են և հնարավոր է մինչև 5 հազար դոլար արժողությամբ մեքենա կառուցել», - ասում է Շոնբըրգը:

Այս մեքենաների նոր սերնդի ավելի մեծ վահանակները 270 վատտի հզորություն ունեն, իսկ լիթիում պարունակող լիցքավորվող 16 մարտկոցները գտնվում են նստարանի տակ: Մարտկոցներն էներգիա են փոխանցում 5 ձիաուժ հզորությամբ շարժիչին:

«Սա մաքուր և կանաչ, առանց վառելիքի և առանց արտանետումների աշխատող փոխադրամիջոց է։ Հրաշալի է տեսնել մարդկանց հիացմունքը, երբ այն վարում եմ փողոցում», - նշում է Շոնբըրգը՝ հավելելով. «Հեծանիվը շատ ամուր է, որևէ նորոգման կարիք չունի՝ բացի երեք անիվներից»:

Այս թեթև մեքենան դեպի արևը թեքելով՝ կարելի է լիցքավորել մարտկոցը:

«Էկոտրայք»-ը հաճախ ցուցադրվում է առևտրային մեծ կենտրոններում՝ շեշտելով, որ այս հեծանիվը հրաշալի միջոց է, հատկապես գնումներ կատարելու համար այն վայրերում, ուր կարելի է հասնել մեկ ժամից պակաս ժամանակում:

Ճիշտ է՝ «Էկոտրայք»-ը ուղևորների տեղի առումով զիջում է այլ մեքենաներին, սակայն բարելավված մարտկոցներով և ավելի էժան արեգակնային վահանակներով երկտեղանի հեծանիվ ստեղծելու գաղափարը նույնպես իրագործելի է:

Այսօր այս հեծանիվները Յութա նահանգում կարելի է արտոնագրել որպես մոտոցիկլետ և վարել փողոցներում:

Չնայած ՆԱՍԱ-ում իր ունեցած փորձին՝ Շոնբըրգը համոզված է, որ տեխնոլոգիան կարելի է օգտագործել շրջակա միջավայրի համար բարենպաստ, կայուն փոխադրամիջոց ստեղծելու համար:

XS
SM
MD
LG