Մատչելի հղումներ

Եգիպտոսի դատարանը Մուբարաքին երեք տարվա ազատազրկման է դատապարտել


Եգիպտոսի նախկին նախագահն ու նրա որդիները ազատազրկման են դատապարտվել պետական միջոցների յուրացման համար

Եգիպտոսում դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին՝ պետական միջոցների յուրացման մեղադրանքներով:

Նույն մեղադրանքներով չորս տարվա ազատազրկման են դատապարտվել Հոսնի Մուբարաքի երկու որդիները:

Հոսնի Մուբարաքը Եգիպտոսի նախագահի պաշտոնից հեռացվել է 2011 թվականին տեղի ունեցած ապստամբության արդյունքում, որը համարվում է տարածաշրջանում տեղի ունեցած «Արաբական գարնան» մասերից մեկը: Այդ ժամանակից ի վեր երկրում անցկացվել են ժողովրդավարական ընտրություններ, որոնց արդյունքում Եգիպտոսում իշխանության գլուխ էր կանգնել նախագահ Մոհամեդ Մուսին:

Նախագահ Մորսին իր հերթին տապալվել է երկրի զինված ուժերի կողմից այն ժամանակ, երբ փորձում էր առաջ քաշել երկրի նոր սահմանադրության ընդունումը, որը, Եգիպտոսի բնակիչներից շատերի համոզմամբ, իսլամիստական ուղղվածություն ուներ:

Եգիպտոսի դատարանը վերջին օրերին արգելել էր Մուբարաքի կուսակցության անդամներին մասնակցել երկրում ապագայում անցկացվելիք ընտրություններին: Երկրում արգելված է նաև Հոսնի Մուբարաքի տապալման գործում մեծ դեր ունեցած «Ապրիլի 6» շարժումը:
XS
SM
MD
LG