Մատչելի հղումներ

Եգիպտոսի բանակը վերջնագիր է ներկայացրել


Վերջնագիրը ներկայացվել է Եգիպտոսի պաշտպանության նախարարի կողմից

Եգիպտոսի զինված ուժերը 48 ժամ են հատկացրել նախագահ Մոհամեդ Մորսիին և ընդդիմության ներկայացուցիչներին՝ նրանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու և դեպի առաջ շարժվելու ուղի գտնելու համար:

Վերջնագիրը ներկայացվել է երկուշաբթի օրը Եգիպտոսի պաշտպանության նախարար, գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի կողմից՝ երկրում մի քանի օր տևած բողոքի զանգվածային ցույցերից հետո, որոնց ընթացքում տեղի ունեցած բռնությունների հետևանքով զոհվել է 16 մարդ:

Եգիպտոսի մայրաքաղաքում երկուշաբթի օրը ցուցարարները գրոհել և թալանել են երկրի նախագահ Մոհամեդ Մորսիի գլխավորած «Մահմեդական եղբայրություն» կուսակցության գլխավոր գրասենյակը:
Մի շարք ցուցարարներ ջարդել են «Մահմեդական եղբայրության» գրասենյակի պատուհանները, կրակի մատնել այն, ապա հեռացել գրասենյակից՝ տանելով փաստաթղթեր և կահույք:

«Մահմեդական եղբայրության» գրասենյակի աշխատողներն էվակուացվել էին ավելի վաղ, երբ ցուցարարները հարձակում էին մեկնարկել շենքի ուղղությամբ՝ նետելով քարեր և դյուրավառ հեղուկով լցված շշեր: Գրասենյակում այդ ընթացքում գտնվող «Մահմեդական եղբայրության» անդամներն ու աշխատողները հրազենային պատասխան կրակ էին բացել:

«Մահմեդական եղբայրության» խոսնակ Գեհադ էլ Հադադը մեղադրել է Եգիպտոսի ազգային ոստիկանությանը կուսակցության գրասենյակի վրա կատարված հարձակման ընթացքում օգնության գալու կոչերն անտեսելու մեջ: Հադադը զգուշացրել է նաև, որ «Մահմեդական եղբայրությունը» նախատեսելու է զինված սեփական ջոկատներ ստեղծելու տարբերակը՝ կուսակցության գրասենյակների պաշտպանությունն իրականացնելու համար:

Հարյուրավոր ցուցարարներ կիրակի լույս երկուշաբթի գիշերվա ընթացքում չեն լքել Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակը՝ շարունակելով հակակառավարական ցույցերը: Ցույցերի մասնակիցները կոչ են անում գործողություններ ձեռնարկել Եգիպտոսի ներկայիս կառավարության դեմ, որը, ըստ նրանց, փորձում է մենաշնորհ հաստատել պետական իշխանության նկատմամբ՝ միաժամանակ ընդունակ չգտնվելով բարելավելու երկրի ծանր վիճակում գտնվող տնտեսությունը: Շատերը, բացի այդ, զայրույթ են արտահայտում Եգիպտոսում հետզհետե թափ հավաքող հանցագործությամբ, ինչպես նաև չդադարող քաղաքական և կրոնական բռնություններով:
XS
SM
MD
LG