Մատչելի հղումներ

Եգիպտոսի բանակի հրամանատարը կոչ է արել բռնությունների դեմ ուղղված ցույցեր անցկացնել


Եգիպտոսում չորեքշաբթի օրը շարունակվել են բռնությունները, իրականացվել է հարձակում ոստիկանության բաժանմունքի ուղղությամբ

Եգիպտոսի բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ էլ-Սիսին կոչ է արել ուրբաթ օրը երկրում անցկացնել զանգվածային ցույցեր՝ տրամադրելու համար զինված ուժերին «բռնությունների և ահաբեկչության» դեմ դիմագրավելու լիազորություններ:

Այս հայտարարությամբ Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարը հանդես է եկել չորեքշաբթի օրը հեռուստատեսությամբ հեռարձակված իր ելույթի ընթացքում:

Եգիպտոսում չորեքշաբթի օրը շարունակվել են բռնությունները: Այսպես, Կահիրեից դեպի հյուսիս 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մանուրա քաղաքում կատարվել է հարձակում ոստիկանության բաժանմունքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է մեկ, վնասվածքներ ստացել՝ 18 մարդ:

Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի խոսնակը ահաբեկչական է անվանել այս հարձակումը: Մանսուրի խոսնակը սակայն նշել է, որ նման հարձակումները «չեն նվազեցնելու Եգիպտոսի վճռականությունը»:

Երկրի նախկին նախագահ Մոհամեդ Մորսիի գլխավորած «Մահմեդական եղբայրությունը» չորեքշաբթի օրն իր հերթին հայտնել է Կահիրեում Մորսիի կողմնակիցների շրջանում տեղի ունեցած երկու զոհի մասին:

Եգիպտոսում նախօրեին տեղի էին ունեցել նոր բախումներ տապալված նախագահ Մոհամեդ Կահիրեի համալսարանի մոտակայքում Մորսիի կողմնակիցների նստացույցի անցկացման վայրի մոտ, որոնց հետևանքով զոհվել էր առնվազն վեց մարդ, վնասվածքներ էր ստացել բախումների 33 մասնակից:

Մորսիի կողմնակիցների և ընդդիմախոսների միջև երկուշաբթի օրը տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել էր չորս մարդ:
XS
SM
MD
LG