Մատչելի հղումներ

Մուբարաքը ստեղծել է բարեփոխումների իրականացման և վերահսկման հանձնաժողովներ


Մուբարաքը ստեղծել է բարեփոխումների իրականացման և վերահսկման հանձնաժողովներ

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը ստեղծել է երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և դրանց վերահսկման հանձնաժողովներ։

Երկրի փոխնախագահ Օմար Սուլեյմանը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Մուբարաքն արձակել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, ինչպես նաև մեկ այլ՝ սահմանադրական բարեփոխումների իրականացման աշխատանքները վերահսկելու հանձնաժողով ստեղծելու հրամանագրեր։ Բարեփոխումները միտված են Եգիպտոսի ընդդիմության հիմնական պահանջներից երկուսը՝ նախագահի պաշտոնում ընտրվելու համար համապատասխանության կանոնները թուլացնելու, ինչպես նաև նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածը սահմանելու պահանջները կատարելուն։

Սուլեյմանը հեռուստատեսային կարճ ուղերձում հայտնել է, որ Հոսնի Մուբարաքը ստեղծել է նաև մեկ այլ հանձնաժողով, որը հետաքննելու է անցյալ շաբաթ Կահիրեի Թահրիր հրապարակում բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած բախումները իր կողմնակիցների և ընդդիմախոսների միջև։

Այս հանձնաժողովների ընտրության և կազմի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդվել։

Եգիպտոսում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը պահանջող ցուցարարները արդեն 15 օր չեն լքում Կահիրեի Թահրիր հրապարակը։ Ցուցարարներից շատերը երկրորդ գիշերն են անցկացրել հրապարակում։

Ցուցարարների առաջնորդները կոչ են արել օրվա ընթացքում զանգվածային ցույցեր անցկացնել՝ Մուբարաքի հրաժարականի պահանջներով գործադրվող ճնշումը պահպանելու նպատակով։

«Նյու Յորք Թայմս» թերթի փոխանցմամբ, ցուցարարները նախատեսում են կազմակերպել զանգվածային հավաքներ Եգիպտոսի այլ քաղաքներում և հանդես են եկել քաղաքացիական անհնազանդության կոչերով։

Եգիպտոսի նորանշանակ կառավարությունը երկուշաբթի օրը փորձել է խլել նախաձեռնությունը ցուցարարներից՝ ապրիլ ամսից 15 տոկոսով բարձրացնելով քաղաքացիական միլիոնավոր ծառայողների աշխատավարձները և տրամադրելով կենսաթոշակային հավելավճարներ։

Եգիպտոսի պետական լրատվամիջոցների համաձայն, Մուբարաքը նաև ստեղծել է դատական իշխանություններից և քաղաքական գործիչներից կազմված հանձնաժողով՝ երկրում նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների թիվն ավելացնելու համար անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումներն ուսումնասիրելու նպատակով։ Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները պետք է ներկայացվեն մինչև մարտ ամսվա առաջին շաբաթը։

Առաջարկված բարեփոխումները Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը քննարկել է Եգիպտոսի «Մահմեդական եղբայրության» և ընդդիմադիր այլ ուժերի հետ։

Սուլեյմանը սակայն մերժել է Մուբարաքի անմիջական հրաժարականի մասին պահանջները՝ ասելով, որ նախագահը պետք է մնա իր պաշտոնում՝ սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները նախապատրաստելու նպատակով։

XS
SM
MD
LG