Մատչելի հղումներ

Եգիպտոսի նախագահը համաներում է շնորհել հեղափոխականներին


Համաներում է տարածվում այն հանցագործությունների նկատմամբ, որոնք «կատարվել են՝ հեղափոխությունը սատարելու նպատակով»

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսին ընդունել է հրամանագիր, որով համաներում է շնորհվում նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ 2011 թվականին բարձրացած ապստամբությանը մասնակցելու կապակցությամբ ձերբակալված անձանց:

«Facebook» սոցիալական ցանցի իր էջում երկուշաբթի ուշ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ Մորսին ասել է, որ համաներում է տարածվում այն հանցագործությունների նկատմամբ, որոնք «կատարվել են՝ հեղափոխությունը սատարելու նպատակով» անցյալ տարվա հունվարի 25-ից մինչև իր կողմից նախագահի պաշտոնը զբաղեցնելու օրը՝ 2012 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում:

Նախագահ Մորսիի համաձայն, ազատ արձակման են ենթակա այն անձինք, որոնց դատավարությունը դեռևս չի անցկացվել, ինչպես նաև ազատազրկման արդեն իսկ դատապարտված անձինք: Մորսին ասել է սակայն, որ համաներման ենթակա չեն այն անձինք, որոնց սպանություն կատարելու մեղադրանք է ներկայացվել կամ որոնք արդեն դատապարտվել են սպանություն կատարելու համար:

Նախագահական հրամանագրում Եգիպտոսի գլխավոր դատախազին և զինվորական դատախազին տրվել է մեկ ամիս՝ համաներմանը ենթակա անձանց ցուցակները կազմելու և հրապարակելու համար: Մորսիի հրամանագրում սակայն նշված չէ, թե քանի մարդ է ենթակա համաներման, նշված չեն նաև համաներմանը ենթակա հանցատեսակները:

Եգիպտոսում հեղափոխությունն առաջնորդած երիտասարդական կազմակերպությունները արդեն երկար ժամանակ է պահանջում են երկրի իշխանություններից ազատ արձակել Մուբարաքի անվտանգության ուժերի կողմից և հետհեղափոխական ռազմական կառավարման ընթացքում կալանավորված անձանց, որոնցից շատերին ներկայացվել են բանդիտիզմի, հանրային սեփականությունը վնասելու, իշխանություններին դիմակայություն ցուցաբերելու և հասարակական կարգը խախտելու մեղադրանքներ:
XS
SM
MD
LG