Մատչելի հղումներ

Եգիպտոսում մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը


Եգիպտոսում մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Եգիպտոսում մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Եգիպտոսի խոշորագույն երկու քաղաքներում՝ Կահիրեում և Ալեքսանդրիայում, ինչպես նաև երկրի յոթ այլ նահանգում երկուշաբթի և երեքշաբթի օրերին կայանալու է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը:

Ընտրությունների այս փուլի արդյունքում որոշվելու են երկրի խորհրդարանի 498-տեղանոց ստորին պալատի 52 տեղը զբաղեցնող առանձին պատգամավորների անունները:

Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատի առանձին թեկնածուների և կուսակցության ցուցակներով քվեարկությունն երկրի այս մասում անցկացվել է անցյալ շաբաթվա ընթացքում:

Երկրի իշխանությունները կիրակի օրը ներկայացրել են կուսակցական ցուցակներով ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն Եգիպտոսում գործող «Մահմեդական եղբայրություն» շարժման «Ազատություն և արդարություն» կուսակցությունը զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով ձայների 36,6 տոկոսը:

Երկրորդ տեղը, հավաքելով ձայների 24,4 տոկոսը, զբաղեցրել է սալաֆիստական ծայրահեղ պահպանողական «ալ-Նուր» կուսակցությունը, որը հանդես է գալիս սեռերի առանձնացման, կանանց լրիվ քող կրելու և ալկոհոլի արգելման կողմ: Երրորդ տեղում է ազատական «Եգիպտոսի բլոկ»-ը, որը հավաքել է ձայների 13, 4 տոկոսը:

Եգիպտոսում անցկացվող ընտրությունների գծով հանձնակատարի համաձայն, երկրի ինը նահանգում անցկացված ընտրությունների առաջին փուլում մասնակցել է ընտրողների ռեկորդային թիվը: Երկրի մնացած 18 նահանգում ընտրությունների երկու փուլերը կանցկացվեն գալիք մի քանի շաբաթվա ընթացքում:

Եգիպտոսի խորհրդարանի վերին պալատի ընտրությունները կմեկնարկեն գալիք տարվա հունվար ամսվա վերջին և կավարտվեն մարտ ամսին:

XS
SM
MD
LG