Մատչելի հղումներ

«Մահմեդական եղբայրությունը» բողոքի զանգվածային ցույցեր է ծրագրում


«Մահմեդական եղբայրությունը» խիստ քննադատության է ենթարկել զինված ուժերը` խմբավորման պաշտոնական հեռուստաալիքն ու օրաթերթը փակելու համար

Եգիպտոսի «Մահմեդական եղբայրությունը» կոչ է արել իր կողմնակիցներին բողոքի զանգվածային ցույցեր կազմակերպել ուրբաթ օրը՝ արտահայտելու իրենց բողոքը երկրի նախագահ Մոհամեդ Մորսիին զինված ուժերի կողմից պաշտոնանկ անելու կապակցությամբ:

«Մահմեդական եղբայրությունը» և իսլամիստական կուսակցությունների դաշինքը կոչ են արել բողոքի խաղաղ ցույցեր անցկացնել ուրբաթօրյա աղոթքներից հետո:

Եգիպտոսում ուրբաթ օրը կայանալիք ցույցերը որոշ մասնագետներ համարում են փորձ այն բանի, թե արդյոք «Մահմեդական եղբայրությունը» դեռևս ժողովրդականություն է վայելում է եգիպտացիների շրջանում:

Երկրում ուրբաթ օրն իրավիճակը խաղաղ էր, սակայն դեռևս պահպանվում են մտահոգություններն այն մասին, որ իսլամիստական առանձին տարրեր կարող են վրեժխնդիր լինել զինված ուժերի նկատմամբ՝ Մորսիին պաշտոնանկ անելու համար:

Եգիպտոսի անվտանգություն ուժերն ուրբաթ օրվա առաջին կեսին հայտնել են, որ «իսլամիստական զինյալները» հարձակում են գործել Սինայ թերակղզու հյուսիսային մասում, որի հետևանքով զոհվել է Եգիպտոսի զինված ուժերի մեկ, վնասվածքներ ստացել՝ երկու ծառայող:

Զինված ուժերն ավելի վաղ հաշտեցման կոչով էին հանդես եկել և հերքել «Մահմեդական եղբայրության» դեմ վրեժխնդրություն լուծելու մասին մտահոգությունները: Ըստ երկրի բանակի խոսնակի, կամայական որևէ գործողություն չի ձեռնարկվելու քաղաքական որևէ խմբի նկատմամբ:

Եգիպտոսի դատախազությունը սակայն ուրբաթ օրվա դրությամբ «Մահմեդական եղբայրության» ավելի քան 300 անդամի ձերբակալության հրաման է արձակել, արդեն իսկ ձերբակալվել են խմբավորման մի քանի առաջնորդ, Մոհամեդ Մորսին այժմ գտնվում է զինված ուժերի վերահսկողության ներքո:

Եգիպտոսի դատական մարմինների պաշտոնյաները հայտնել են, որ գալիք շաբաթ նախատեսում են հետաքննություն հարուցել Մորսիի և «Մահմեդական եղբայրության» նկատմամբ՝ «դատական մարմիններին վիրավորանք հասցնելու» մեղադրանքներով:

«Մահմեդական եղբայրությունը» խիստ քննադատության է ենթարկել զինված ուժերը խմբավորման պաշտոնական հեռուստաալիքն ու օրաթերթը, ինչպես նաև իսլամիստական մի քանի այլ ԶԼՄ-եր փակելու համար՝ նշելով, որ այս քայլերը Եգիպտոսը վերադարձնում են «ճնշող գործելակերպի, բռնապետության և կոռուպցիայի դարաշրջան»:

Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյն ուրբաթ օրն ասել է, թե մտահոգված է Եգիպտոսում ձերբակալությունների և ԶԼՄ-ների աշխատանքի դադարեցման մասին հաղորդագրություններով՝ նշելով, որ «հաշվեհարդար լինելն անթույլատրելի է»:
XS
SM
MD
LG