Մատչելի հղումներ

Մորսին հանդիպումներ է անցկացնում բարձրագույն հրամանատարության հետ


Եգիպտոսի զինված ուժերը Մորսիին վերջնագիր են ներկայացրել, որը լրանում է չորեքշաբթի օրը

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսին հանդիպումներ է անցկացնում երկրի զինված ուժերի բարձրագույն հրամանատարության հետ այն ընթացքում, երբ նախագահի պաշտոնաթողությունը պահանջող ընդդիմադիր խմբերը կրկին հավաքվել են Կահիրեի Թահրիր հրապարակում:

Եգիպտոսի զինված ուժերը Մորսիին վերջնագիր են ներկայացրել, որը լրանում է չորեքշաբթի օրը: Վերջնագրի պայմանների համաձայն նախագահը պետք է այս ընթացքում կարգավորի ընդդիմության հետ ունեցած տարաձայնությունները, իսկ հակառակ դեպքում զինված ուժերը սպառնացել են, որ ինքները կմշակեն երկրի քաղաքական ճգնաժամի լուծման «ճանապարհային քարտեզը»:

Եգիպտոսի նախագահը սակայն արդեն իսկ մերժել է իրեն ներկայացված վերջնագրի վերջնաժամկետը:

Մորսիի կողմնակիցները չեն լքում Կահիրեի կենտրոնում գտնվող մզկիթներից մեկի շրջակայքը՝ խոստանալով դիմադրություն ցուցաբերել «հնարավոր ռազմական հեղաշրջման»:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը զանգահարել է Եգիպտոսի նախագահ Մորսիին՝ հորդորելով նրան ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կցուցադրեին, որ ինքը ականջ է դնում ընդդիմության պահանջներին:

Օբաման նաև հորդորել է ընդդիմության առաջնորդներին աշխատել փոփոխությունների իրականացման ուղղությամբ՝ այդ նպատակով դիմելով Եգիպտոսում առկա ժողովրդավարական ընթացակարգերի օգնության:
XS
SM
MD
LG