Մատչելի հղումներ

Եգիպտոսում արտակարգ իրավիճակ է հայտարարվել


Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով, բախումներին զոհ է գնացել առնվազն 149, վնասվածքներ ստացել ավելի քան 1400 մարդ

Եգիպտոսում տեղի ունեցած արյունահեղությունից հետո երկրի ժամանակավոր կառավարությունը չորեքշաբթի օրն արտակարգ իրավիճակ է հայտարարել երկրում՝ հրաման արձակելով զինված ուժերին երկրի ներքին գործերի նախարարությանն օժանդակություն ցուցաբերելու մասին:

Բացի այդ, Կահիրեում և երկրի մի քանի նահանգներում գիշերային ժամերին պարետային ժամ է հայտարարվել:

Երկրում տեղի ունեցած բռնությունների զոհերի թվի վերաբերյալ ներկայում հնչեցվում են միմյանցից զգալիորեն տարբերվող տեղեկություններ: Այսպես, Միավորված ազգերի կազմակերպության համաձայն, Եգիպտոսի անվտանգության ուժերի և Մոհամեդ Մորսիի կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով «ըստ էության զոհվել կամ վնասվածքներ են ստացել հարյուրավոր մարդիկ»:

«Մահմեդական եղբայրությունը» անվտանգության ուժերի կողմից իրականացված գործողությունները «սպանդ» է անվանել: Խմբավորման համաձայն, բախումների հետևանքով զոհվել է 500 մարդ:

Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով, բախումներին զոհ է գնացել առնվազն 149, վնասվածքներ ստացել ավելի քան 1400 մարդ:

Ականատեսները և օտարերկրյա լրատվամիջոցների լրագրողները հայտնել են անվտանգության ուժերի կողմից ցուցարարների ուղղությամբ մարտական փամփուշտներ կիրառելու մասին, մինչդեռ երկրի զինված ուժերը հրապարակել են ոստիկանության հատուկ ստորաբաժանումների դեմ Մորսիին սատարողների կողմից հրազեն կիրառելու մասին վկայող պատկերներ:

Եգիպտոսի ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն, ոստիկանության ուժերը կիրառել են միայն արցունքաբեր գազ, իսկ կրակը բացվել էր ցուցարարների ճամբարներից:

Բախումներից հետո երկրում իրականացվել են զանգվածային ձերբակալություններ, այդ թվում՝ «Մահմեդական եղբայրության» առաջնորդների շարքերում:
XS
SM
MD
LG