Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Եգիպտոսում՝ քրիստոնյա ցուցարարների և անվտանգության ուժերի բախումների պատճառով


Բազմաթիվ զոհեր Եգիպտոսում՝ քրիստոնյա ցուցարարների և անվտանգության ուժերի բախումների պատճառով

Եգիպտոսի իշխանությունները երկրի մայրաքաղաք Կահիրեում ձերբակալել են մեկ տասնյակից ավելի մարդ՝ ղպտի քրիստոնյաների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներից հետո, որոնց պատճառով զոհվել է 24, վնասվածքներ ստացել՝ 200-ից ավելի մարդ:

Ղպտի քրիստոնյաների խաղաղ բողոքը եկեղեցիներից մեկի վերջերս տեղի ունեցած այրման դեմ վերածվել է Եգիպտոսում ռազմական իշխանությունների դեմ խռովությունների:

Այս տարվա փետրվար ամսից Հոսնի Մուբարաքի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակից երկրում տեղի ունեցած ամենակատաղի բախումների ընթացքում ցուցարարները դյուրավառ հեղուկով լցված շշեր են նետել ռազմական տեխնիկայի ուղղությամբ՝ այրելով ռազմական մի քանի մեքենա:

Հարյուրավոր ցուցարարներ բախվել են ոստիկանության հետ՝ որպես զենք օգտագործելով փողոցները պատող քարերը:

Խռովությունների ընթացքում ոստիկանության մի մեքենա մխրճվել է ամբոխի մեջ՝ դառնալով մի քանի ցուցարարի մահվան պատճառը:

Բախումների պատճառով զոհվել է նաև Եգիպտոսի զինված ուժերի երկու զինծառայող:

Քրիստոնյա ցուցարարների համաձայն, Կահիրեի հիմնականում ղպտիներով բնակեցված Շուբրա շրջանում անցկացվող ցույցերը վերածվել են խռովությունների, երբ Եգիպտոսի հեռուստատեսության և ռադիոյի շենքերին մոտենալուց հետո ցուցարարների վրա հարձակում է կատարվել քաղաքացիական հագուստ կրող ոստիկանների կողմից:

Բողոքի ցույցի մասնակիցները հետագայում անցել են Թահրիր հրապարակ, որը եղել է երկրում փետրվար ամսին տեղի ունեցած հեղափոխության կիզակետը:

Եգիպտոսի պետական լրատվամիջոցների համաձայն, երկրի նախարարների խորհուրդը ստեղծված իրավիճակը քննարկելու համար արտակարգ հանդիպում է հրավիրել, իսկ զինված ուժերը պարետային ժամ են սահմանել Թահրիր հրապարակում և մերձավոր շրջաններում:

Եգիպտոսի նախարարների ժամանակավոր խորհրդի համաձայն, այն թուլ չի տալու ազգային միասնության կամ ժողովրդավարությանն անցնելու գործընթացի հետ կապված մեքենայությունները:

XS
SM
MD
LG