Եգիպտոսը համաձայնել է ժամանակավորապես բացել իր երկրի` Գազային հարող սահմանը, տարածաշրջանին տրամադրվող մարդասիրական օգնությունը փոխադրելու նպատակով:
Մայիսի 31-ին Իսրայելի կողմից դեպի Գազա մարդասիրական օգնությամբ բեռնված միջազգային ջրերում գտնվող նավերի վրա հարձակումից հետո, երեքշաբթի օրը, նախագահ Հուսնի Մուբարաքը որոշում է կայացրել Ռաֆահի անցակետի բացման վերաբերյալ:
6 նավերից բաղկացած միջազգային այս բեռնափոխադրման արդյունքում, Գազայի հատված էր տեղափոխվելու շուրջ 10.000 տոննա մարդասիրական օգնություն:
Իսրայելական հարձակումից հետո, որի արդյունքում առնվազն 9 մարդ է զոհվել, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը կոչ է արել «անկողմնակալ» և «թափանցիկ» հետաքննություն իրականացնել:
Մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքում, խորհրդի 15 անդամները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ դատապարտում են Իսրայելի գործողությունները: Հայտարարությունը կոչ է անում ազատ արձակել նավերում ձերբակալված քաղաքացիներին: