Մատչելի հղումներ

Եգիպտոսում «Ալ-Ջազիրա»-ի լրագրողներ են ձերբակալվել


Եգիպտոսի իշխանությունների համաձայն, լրագրողները ձերբակալվել են «ներքին անվտանգությանը վնաս հասցնող անօրինական հեռարձակում իրականացնելու կասկածներով»

Քաթարից իր գործունեությունն իրականացնող «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ Եգիպտոսի իշխանությունները ձերբակալել են հեռուստաընկերության չորս լրագրողի:

«Ալ-Ջազիրա»-ի համաձայն, Եգիպտոսի իշխանությունները ձերբակալել են լրագրող Փիթեր Գրեստերին, պրոդյուսերներ Մոհամեդ Ֆահմիին և Մահեմ Մոհամեդին և օպերատոր Մոհամեդ Ֆավզիին:

Հեռուստաընկերությունը պահանջել է անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին:

Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունն իր հերթին տեղեկացրել է, որ ձերբակալել է «Ալ Ջազիրա»-ի միայն երկու աշխատողի՝ ավստրալիացի լրագրողի և երկրորդ անձին, որը, ըստ նախարարության, երկրում ահաբեկչական խմբավորում հայտարարված «Մահմեդական եղբայրության» անդամ է:

Եգիպտոսի իշխանությունների համաձայն, նրանք ձերբակալվել են «ներքին անվտանգությանը վնաս հասցնող անօրինական հեռարձակում իրականացնելու կասկածներով»:

Դեռևս հայտնի չէ «Ալ-Ջազիրա»-ի և Եգիպտոսի իշխանությունների տեղեկություններում ձերբակալված լրագրողների թվի մեջ տեղ գտած տարբերությունը:

Եգիպտոսի իշխանություններն անցյալ շաբաթ ահաբեկչական խմբավորում էին հայտարարել երկրի տապալված նախագահ Մոհամեդ Մորսիի գլխավորած «Մահմեդական եղբայրությունը»:

Եգիպտոսի զինված ուժերի աջակցությամբ գործող իշխանություններն արդեն երկար ժամանակ մեղադրում են «Ալ-Ջազիրա»-ին կողմնակալության մեջ, քանի որ Քաթարից գործող հեռուստաընկերությունը «Մահմեդական եղբայրության» աջակից է համարվում:
XS
SM
MD
LG