Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը, Մեքսիկան և Կանադան պատրաստ են զարգացնել տնտեսական հարաբերությունները


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանն ընդունել է Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնին և Կանադայի վարչապետ Ստիվեն Հարպերին՝ երկուշաբթի օրը մեկնարկելով Հյուսիսային Ամերիկայի պետությունների ղեկավարների գագաթաժողովը, որի ընթացքում քննարկվել են տնտեսական զարգացման և էներգետիկայի, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի վաճառքով զբաղված հանցախմբերի դեմ համատեղ պայքարի խնդիրները:

Հյուսիսային Ամերիկայի պետությունների ղեկավարների գագաթաժողովը վերջին անգամ անցկացվել է 2009 թվականին, սակայն հյուսիսամերիկյան երեք պետությունների ղեկավարները հանդիպել են նաև «Մեծ ութնյակի» և «Մեծ քսանյակի» , ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության համաժողովների շրջանակներում:

ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի միջև 1994 թվականին կնքվել է Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի համաձայնագիրը, իսկ անցյալ տարի իր հարևանների հետ ԱՄՆ-ի առևտուրն պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը: Ըստ նախագահ Օբամայի, սա թույլ է տալիս ԱՄՆ-ում պահպանել մոտ 2,5 միլիոն աշխատատեղ:

ԱՄՆ-ի նախագահի համաձայն, երեք պետությունների ղեկավարները քննարկել են տնտեսական հնարավորությունների զարգացմանն ու արտահանումների ծավալների ավելացմանն ուղղված ընթացիկ քայլերը:

Գագաթաժողովի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել նաև թմրամիջոցների ապօրինի վաճառքով զբաղվող հանցախմբերի դեմ պայքարի խնդրին, որը մարտահրավեր է դարձել Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի բազմաթիվ պետությունների կառավարությունների համար:

ԱՄՆ-ը 1,6 միլիարդ դոլար կազմող օգնություն տրամադրում Մեքսիկային, որտեղ 2006 թվականից թմրամիջոցների ապօրինի առևտրով զբաղվող հանցախմբերի դեմ մեկնարկած պայքարի ընթացքում զոհվել է մոտ 50 հազար մարդ: ԱՄՆ-ի կողմից կենտրոնամերիկյան պետություններին նույն նպատակներով տրամադրվող օգնության ծավալը գերազանցում է 300 միլիոն դոլարը:

Մեքսիկայի նախագահ Կալդերոնն իր խոսքում հորդորել է նախագահ Օբամային և վարչապետ Հարպերին շարունակել զենքի անօրինական շրջանառության դեմ և թմրամիջոցների պահանջարկի նվազեցման ուղղությամբ տարվող պայքարը:

Ըստ նախագահ Օբամայի, թմրամիջոցների վաճառքի հետ կապված հանցավորությունը կարող է խաթարել պետական համակարգի աշխատանքը ինչպես Մեքսիկայում, այնպես էլ այլ պետություններում: ԱՄՆ-ի նախագահը նաև գովասանքի խոսքեր է ուղղել Մեքսիկայի կառավարությանը՝ հանցավորության դեմ տարվող պայքարի համար:

Կանադայի վարչապետն իր հերթին նշել է, որ թմրամիջոցների անօրինական վաճառքի հետ կապված հանցավորության դեմ արդյունավետ պայքար մղելու համար «միասնական արձագանք է պահանջվում»՝ շեշտելով, որ արևմտյան կիսագնդում «թմրամիջոցների անօրինական վաճառքը անվտանգության լուրջ մարտահրավեր է»:

Երեք պետությունների ղեկավարները քննարկել են նաև «Միջխաղաղօվկիանոսյան գործընկերության» կազմակերպության շուրջ զարգացումները, որին անդամակցելու ցանկություն են հայտնել Կանադան և Մեքսիկան: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համաձայն, այս կազմակերպությանն անդամ և միանալու ցանկություն հայտնող բոլոր պետությունները պետք է համապատասխանեն կազմակերպության կողմից ներկայացվող պահանջներին՝ բարձր ստանդարտները պահպանելու համար:

ԱՄՆ-ում երկուշաբթի օրը կայացած գագաթաժողովը վերջինն էր Մեքսիկայի նախագահի համար, որի պաշտոնավարման վեցամյա ժամկետը լրանում է այս տարվա նոյեմբերին: Նախագահ Օբաման, որը մեկնարկել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում երկրորդ անգամ վերընտրվելուն ուղղված ընտրարշավը, Մեքսիկայի հաջորդ նախագահի հետ աշխատանքային լավ հարաբերություններ ստեղծելու հույս է հայտնել:

XS
SM
MD
LG