Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել Աֆղանստանին թմրադեղերի վաճառքի դեմ պայքարը ներառել գերակա խնդիրների մեջ՝ նշելով, որ միջազգային հանրությունը պետք է աջակցի Աֆղանստանին այդ գործում:
Վիեննայում տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ կայացած մեկօրյա հանդիպման ժամանակ իր բացման խոսքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ թմրադեղերի արտադրությունը և դրանց վաճառքը խոչընդոտում են Աֆղանստանում արդյունավետ տնտեսություն ձևավորելու գործընթացին:
«Անցյալ տարվա ընթացքում երկրում ափիոնային կակաչի աճեցման ծավալն ավելացել է յոթ տոկոսով, իսկ ափիոնի արտադրությունը` 61 տոկոսով: Աֆղանստանից արտահանվում է մոտ 2., միլիարդ դոլարի ծավալով թմրադեղ: Մենք չենք կարող ակնկալել կայունություն, երբ Աֆղանստանի համախառն ներքին արդյունքի 15 տոկոսը բաժին է ընկնում թմրադեղերի վաճառքին», - նշել է նա:
Թմրադեղերի դեմ վաճառքի գծով Աֆղանստանի նախարար Զարար Ահմեդ Մոքբել Օսմանին ասել է, որ երկրի իշխանությունները հասկանում են միջազգային հանրության մտահոգությունները, սակայն նշել է նաև, որ ափիոնային կակաչի աճեցումը հիմնականում իրականացվում է ոչ անվտանգ նահանգներում:
Ֆրանսիայի արտգործնախարար Ալան Ժյուպեն, ով համանախագահել է հանդիպումը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, ասել է, որ «հաշվի առնելով սպառնալիքը` գործողություններ չձեռնարկելը կարող է չափազանց վտանգավոր լինել»: