Մատչելի հղումներ

Եգիպտոսում սպանվել են Մորսիի բազմաթիվ կողմնակիցներ


Ֆրանսիայի նախագահ Ֆրանուսա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը կոչ են արել Եվրոպական Միության անդամ պետությունների արտգործնախարարներին գալիք շաբաթ հանդիպում անցկացնել՝ քննարկելու համար Եգիպտոսում ծավալված ճգնաժամը

Եգիպտոսում ուրբաթ օրը տապալված նախագահի կողմնակիցների անցկացված «Զայրույթի օրվա» ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների զոհ են գնացել տասնյակ մարդիկ:

Կահիրեի Ռամզեսի հրապարակում ցուցարարների և զինված ուժերի ստորաբաժանումների միջև տեղի ունեցած կատաղի մարտերի ընթացքում, տարբեր տվյալների համաձայն, սպանվել է առնվազն 32 մարդ:

Եգիպտոսի պետական լրատվամիջոցները զգուշացրել են Կահիրեի բնակիչներին դուրս չգալ փողոցներ այն ընթացքում, երբ քաղաքի փողոցներում ծավալվում են «ահաբեկչական տարրերի» դեմ իրականացվող գործողություններ:

Մորսիի գլխավորած «Մահմեդական եղբայրության» կոչով ուրբաթօրյա աղոթքներից հետո երկրի քաղաքների փողոցներ են դուրս եկել Մորսիի տասնյակ հազարավոր կողմնակիցներ: Եգիպտոսում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի համաձայն, ցուցարարների շարքերում կան բազմաթիվ կանայք:

Եգիպտոսի պետական հեռուստատեսությունն ուրբաթ օրը հաղորդել է, որ զինված ուժերը և ոստիկանությունը խիստ գործողություններ կձեռնարկեն այն անձանց նկատմամբ, ովքեր խախտում են երկրում հայտարարված արտակարգ իրավիճակը: Իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ անվտանգության ուժերը մարտական փամփուշտներ կօգտագործեն կառավարական որևէ շենքի վրա հարձակում կատարողների նկատմամբ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանուսա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելն այս ընթացքում կոչ են արել Եվրոպական Միության անդամ պետությունների արտգործնախարարներին գալիք շաբաթ հանդիպում անցկացնել՝ քննարկելու համար Եգիպտոսում ծավալված ճգնաժամը:

Օլանդն ու Մերքելը, բացի այդ, ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ հորդորել են անմիջապես դադարեցնել Եգիպտոսում շարունակվող խռովությունները:

Եգիպտոսի իշխանությունները մեղադրում են «Մահմեդական եղբայրությանը» և Մորսիի կողմնակիցներին ահաբեկչական գործունեություն ծավալելու և սաբոտաժի մեջ: «Մահմեդական եղբայրությունն» իր հերթին պնդում է, որ երկիրը վերադառնում է ռազմական բռնապետության ժամանակաշրջան:
XS
SM
MD
LG