Մատչելի հղումներ

Ռուսական ապատեղեկատվական արշավների մեթոդներից մեկը՝ «կրկնօրինակ-կայքեր»


Կեղծ էջը նույնականացրել է Ատլանտյան խորհրդի DFRLab-ը
Կեղծ էջը նույնականացրել է Ատլանտյան խորհրդի DFRLab-ը

Վաշինգտոնում գործող Ատլանտյան խորհրդի Թվային քրեագիտական հետազոտությունների լաբորատորիան (Atlantic Council Digital Forensic Research Lab) հայտնաբերել է ապատեղեկատվական գործողություններով զբաղվող ռուսաստանյան խմբերի կողմից ստեղծված ավելի քան 50 կրկնօրինակ-կայքեր։

Օրինակ, ռուսական այդ խմբերը «Facebook»-ում ստեղծում են լրատվական հայտնի կայքերի կրկնօրինակներ և իբր նրանց կողմից արված գրառումներ, գովազդում դրանք, իսկ հետո՝ ջնջում, սովորաբար, 24 ժամվա ընթացքում:

Չնայած նման կայքերի կարճատև գոյությանը, դրանց հետևում կանգնածներին հաջողվում է արդյունավետ կերպով տարածել հակաուկրաինական պատումներ: Ավելի քան 500 նման ֆեյսբուքյան գրառումներ են հայտնաբերել Ատլանտյան խորհրդի Թվային քրեագիտական հետազոտությունների լաբորատորիայի հետազոտողները:

Գործ ունենք «երկվորյակ» (doppelganger) գործողության նոր ալիքի հետ։ Նախորդը հայտնաբերվել էր 2022 թվականի սեպտեմբերին՝ «Facebook»-ի սեփականատեր «Meta» ընկերության և «EU DisinfoLab»-ի կողմից։ Ավելի ուշ՝ ֆրանսիական պետական «VIGINUM» գործակալությունը, որը նույնպես պայքարում է ապատեղեկատվության դեմ, կարողացավ ապացուցել այդ ցանցի կապը Ռուսաստանի հետ։

Ռուսական ապատեղեկատվական արշավների մեթոդներից մեկը՝ «կրկնօրինակ-կայքեր»
please wait

No media source currently available

0:00 0:06:46 0:00

«Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից երկու տարի անց՝ այս գործողությունների միջոցով շարունակում են թիրախավորել եվրոպական լսարանը: Թեև [սոցմեդիայի] հարթակները ուժեղացրել են վերահսկողությունը և նույնիսկ հայտնաբերել կապը ռուսաստանյան ընկերությունների հետ, այդ գործողությունները տակավին տարածված են»,- ասված է Ատլանտյան խորհրդի Թվային քրեագիտական հետազոտությունների լաբորատորիայի հետազոտության հիման վրա հրապարակված նյութում։

Հետազոտողների հայտնաբերված 568 ֆեյսբուքյան գրառումներից 443-ը ֆրանսերեն էին, 75-ը՝ գերմաներեն, 38-ը՝ ուկրաիներեն և 12-ը՝ անգլերեն: Հետազոտողները նկատել են, որ այս գործողության հեղինակները տասնյակ էջեր են ստեղծել միանման վերնագրերով։

Հետազոտության հեղինակներից Ռոման Օսադչուկը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ նմա կերպ փորձում են շրջանցել «Facebook»-ի արգելափակումը։ Երբ սոցիալական ցանցն արգելափակում է կասկածելի բովանդակությամբ հաղորդագրությունն ու կեղծ կայք տանող հղումը, հայտնվում է նորը:

Գրառումները և կեղծ էջերը լի էին Ուկրաինան, Եվրամիությունը, Միացյալ Նահանգներն ու, երբեմն, Իսրայելը ծաղրող բովանդակությամբ: Բացի այդ՝ տարածում էին, թե Ուկրաինայի համար «անիմաստ է» դիմակայել Ռուսաստանին, նշում էին, որ իբր Կիևին ցուցաբերվող արևմտյան երկրների աջակցությունն անկայուն է, և փորձում էին հուսահատություն առաջացնել ուկրաինացիների շրջանում, իսկ արևմտյան հասարակություններում, թե անիմաստ է աջակցել Կիևին։

Թվային լաբորատորևիայի հետազոտողները հայտնաբերել են նման բովանդակությամբ և գովազդի ներքո գտնվող բազմաթիվ գրառումներ՝ ուղղված եվրոպական լսարանին։ Հատկապես ակտիվ են եղել ֆրանսիական ու գերմանական հանրություններին թիրախավորող գովազդային նման արշավները, և այն ժամանակ, երբ այդ երկրների կառավարությունները հայտարարել էին Կիևին ցուցաբերվող օգնության նոր փաթեթների մասին։

Օրինակ, հետազոտողները հայտնաբերել են 248 գրառում ֆրանսերենով, որոնք Ուկրաինան ներկայացնում էին որպես սպառնալիք ֆրանսիացի ֆերմերներին:

«Դեռ 2023 թվականի հոկտեմբերին հայտնվեցին 25 գրառումներ՝ ծաղրանկարներով, որոնք եվրոպացի ֆերմերների տնտեսական ծանր վիճակի պատճառ էին տեսնում ուկրաինական հավի մսի՝ արտոնյալ պայմաններով ներկրումը։ 2024 թվականի հունվար-փետրվարին՝ եվրոպացի ֆերմերների բողոքի ակցիաների ժամանակ, նկատվեց նման բովանդակությամբ գրառումների ավելացում՝ ուղղված եվրոպական երկրներին։ Նման 106 գրառում ենք հայտնաբերել հունվարին, 64՝ փետրվարին»,- կարդում ենք հետազոտությունում:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում «Vox Ukraine» վերլուծական հարթակի փաստերի ստուգման նախագծի՝ «VoxCheck»-ի ներկայացուցիչներն ասել են, որ նույնպես հանդիպել են նմանատիպ կեղծիքների, բայց հիմնականում հակաուկրաինական բովանդակությամբ, որոնց հեղինակները, իբր, հեղինակավոր լրատվամիջոցներ, բլոգերներ կամ հայտնի մարդիկ են:

«Ամենատարածված մեթոդը ոչ թե կայքերի կլոններ ստեղծելն է, այլ լրատվամիջոցների տարբերանշանով լուսանկարներ ու տեսանյութեր պատրաստելը։ Վերջին օրինակներից է «BBC»-ի ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է Զալուժնին իբր հրաժարվում իր քաղաքական հավակնություններից՝ 53 միլիոն դոլարի դիմաց։ Ընդ որում տեսանյութում խոսք է գնում «Bellingcat»-ի հետաքննության մասին, բայց տեսանյութի բոլոր կադրերը վերցված են բաց աղբյուրներից։ Այդ «հետաքննության» մասին «Bellingcat»-ի կամ «BBC»-ի կայքերում որևէ բան չկա»,- նշում է «VoxCheck»-ի գլխավոր խմբագիր Կիրիլ Պերևոշչիկովը։

«VoxCheck»-ը 2020 թվականից «Meta»-ի գործընկերն է «Facebook»-ում և «Instagram»-ում կեղծ լուրերի դեմ պայքարում:

Պերևոշչիկովի ներկայացմամբ, Ուկրաինայի մասին նմանատիպ կեղծիքներ նախկինում ստեղծվել են այլ հեղինակավոր լրատվամիջոցների՝ «Euronews»-ի, «Politico»-ի, «Reuters»-ի անունից։

«Հայտնի մարդկանց կեղծ հայտարարություններն ի հայտ են գալիս նույն ձևով. սոցցանցերի իրական օգտահաշիվներից արված սքրինշոթների վրա տեղադրվում են գրառումներ կամ լուսանկարներ, կարծես իրական հեղինակը հակաուկրաինական գրություն կամ նկար է հրապարակել: Անցած ամիս կեղծիք էր տարածվել, որ [հայտնի երաժշտ] Moby-ին «Instagram»-ում առաջարկել է «աշխարհով մեկ մոբիլիզացնել ուկրաինացիներին»,- գրել է Կիրիլ Պերևոշչիկովը։

«Ամերիկայի ձայնի» զրուցակցի խոսքով, այս ամենին հաճախ գումարվում է ուկրաինացիներին և նրանց դաշնակիցներին ուղղված ծաղրը:

«Օգտագործվում են մեմեր, ծաղրանկարներ և մտացածին նորություններ, այդ թվում՝ արևմտյան ապրանքանիշերով: Գրեթե ամեն ամիս ռուսաստանյան հեռուստաալիքներով ցուցադրվում են արևմտյան հայտնի պարբերականների հակաուկրաինական հորինված շապիկները՝ «Titanic»-ից, «Charlie Hebdo»-ից, «The Nation»-ից և այլն»,- ավելացնում է «VoxCheck»-ի գլխավոր խմբագիրը։

Պերևոշչիկովի ներկայացմամբ, նման կեղծիքների առաջնային աղբյուրը, հաճախ, ռուսական կամ ռուսամետ «Telegram»-յան ալիքներն են, որոնք տարածված են ուկրաինացիների շրջանում։

Իր հերթին՝ Օսադչուկն օգտատերերին խորհուրդ է տալիս զգոն լինել և ուշադրություն դարձնել այն էջերին, ուր նկատվում է նման բովանդակություն։

«Եթե էջի վերնագիրը տարօրինակ է թվում, [էջը] վերջերս է ստեղծվել և գովազդի ներքո է, չի հայտնվում սոցցանցի լրահոսում՝ ձեր ընկերների էջերից, կամ եթե տեսնում եք զգացմունքային բովանդակություն, մի՛ տարածեք, մի՛ արձագանքեք, աչքի անցկացրեք այդ էջի «Մեր մասին» բաժինը»,- ասում է նա։

Ռոման Օսադչուկը շարունակում է, եթե օգտատերը կայք է «տեղափոխվել» «Facebook»-ից, հարկ է, որ ուշադրությոն դարձնի դոմեյնին և թե ինչպես է այն ավարտվում՝ .com, .com.ua և այլն, բացի այդ՝ տեքստերի որակին։ Քիչ չեն դեպքերը, երբ կեղծ կայքերն առանձնանում են վատ խմբագրված բովանդակությամբ։

Օսադչուկը նաև հիշեցնում է՝ «Meta»-ն տեղեկատվություն է հավաքում խնդրահարույց գրառումների և կայքերի մասին՝ բարելավելու իր արգելափակման մեթոդները։

XS
SM
MD
LG