Միացյալ Նահանգներում ավելի քան 23 միլիոն մարդ տառապում է շաքարախտով, որից գրեթե 2,5 միլիոնը՝ առաջին տեսակի շաքարախտով, որը սովորաբար ախտորոշվում է մանուկ հասակում: Դա նշանակում է ամբողջ կյանքի ընթացքում անընդմեջ պայքար և ջանք՝ շաքարի մակարդակը արյան մեջ ցածր պահելու համար:
Էշլի Յարվիսը սովորական դեռահաս էր, սակայն ախտորոշումը փոխեց իր ամբողջ կյանքը:
«2010 թվականի փետրվարին ինձ ախտորոշեցին առաջին տեսակի շաքարախտ: Ընտանիքում ոչ մեկ չի ունեցել այդ հիվանդությունը, ես ոչինչ չգիտեի դրա մասին»:
Նա արագ սովորեց, որ դա նշանակում է արյան մեջ շաքարի բարձր և ցածր մակարդակ, անընդմեջ ինսուլինի ընդունում և սննդի նկատմամբ խիստ վերահսկողություն:
«Ինքս չէի կարողանա գլուխ հանել, ես հպարտանում եմ իմ դստերով» – ասել է Էշլիի հայր Ջեյսոն Յարվիսը:
Այժմ նոր ուսումնասիրությունը կարող է բավական հեշտացնել նրա ապագան: «Ափսթեյթ» բժշկական համալսարանից բժիշկ Ռութ Ուայնսթոքը նոր պատվաստանյութ է փորձարկում:
«Մեր նպատակն է պահպանել ինսուլին արտադրող բջիջները, որոնք ախտորոշման պահին դեռ քայքայված չեն» – ասել է բժիշկ Ուայնսթոքը:
Ախտորոշման պահին շատերի մոտ դեռևս կան ինսուլին արտադրող որոշ բջիջներ: Չորս ներարկմամբ տրվող՝ «Գեդ» կոչվող նոր պատվաստանյութը կարող է նպաստել, որպեսզի իմունային համակարգում դադարի այդ կարևոր բջիջների քայքայումը:
Բժիշկ Ուայնսթոքի համաձայն, ինսուլինի նույնիսկ փոքր քանակության արտադրությունը կարող է հեշտացնել հիվանդության վերահսկումը և նվազեցնել բարդությունները:
Նախնական արդյունքները վկայում են այն մասին, որ պատվաստանյութ ստացած հիվանդների մոտ պահպանվել է ինսուլինի արտադրությունը և ավելի լավ են վերահսկում գլյուկոզի մակարդակը: Էշլին դեռ չի ստացել իր հետազոտության արդյունքները, սակայն ոգևորված է, որ ապագայում շաքարախտը չի լինի իր կյանքի հիմնական խնդիրը:
«Եթե որոշում եմ կայացրել, ապա հետևելու եմ իմ որոշմանն ու թույլ չեմ տա, որ կյանքիս վրա ազդող որևէ բան կանգնեցնի ինձ»:
Ուսումնասիրությանը մասնակցելու համար հիվանդները պետք է լինեն 10-ից 20 տարեկան և ախտորոշված լինեն վերջին երեք ամիսների ընթացքում: