Անցյալ երեք տասնամյակների ընթացքում աշխարհում շաքարախտով տառապողների թիվն ավելի քան կրկնապատկվել է՝ հասնելով 350 միլիոնի, և, համաձայն «Լանսեթ» ամսագրի մի նոր ուսումնասիրության, այդ թիվը շարունակում է աճել:
Ըստ հետազոտողների՝ Խաղաղ օվկիանոսի կղզի-երկրներում, Հյուսիսային Ամերիկայում և Մեքսիկական ծոցի շատ երկրներում կտրուկ աճը պայմանավորված է ծերացող բնակչությամբ և բնակչության արագ աճով, մասամբ էլ՝ գիրության աճող տեմպերով, հատկապես՝ երիտասարդների շրջանում:
Փաստվել է, որ շաքարախտը համաշխարհային խնդիր է: Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տասը մեծահասակներից մեկը տառապում է շաքարախտով: Հարվարդի Հանրային առողջապահության դպրոցի հետազոտող Գուդարզ Դանայինն այս խնդրի շուրջ իրականացված ուսումնասիրության հեղինակներից է:
«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սա այլևս միայն հարուստ երկրներում հանդիպող հիվանդություն չէ», - ասել է Դանայինը:
Ուսումնասիրողները երեսուն տարվա ընթացքում տվյալներ են հավաքել 200 երկրներում բնակվող գրեթե երեք միլիոն մարդկանց արյան մեջ շաքարի պարունակության մասին: Հիվանդների մեծ մասը տառապում է երկրորդ տեսակի շաքարախտից, այսինքն՝ հիվանդությունը պայմանավորված է տարիքով, գիրությամբ և անգործությամբ:
Շաքարախտով տառապողները չեն կարող վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը կարող է պատճառ դառնալ սրտային հիվանդությունների, հաշմանդամության և վաղ մահվան:
Նույնիսկ այն երկրներում, որտեղ շաքարախտը տարածված չէ, բնակչությունն աճել է, աճել են նաև շաքարախտի դեպքերը:
«Եթե երկրի բնակչությունը մեկ միլիարդից ավել է և շաքարախտով տառապողները կազմում են բնակչության մեկ կամ երկու տոկոսը, շաքարախտով հիվանդները մեծապես կավելացնեն այդ երկրի առողջապահական համակարգի կառավարման համար անհրաժեշտ ծախսերի ու միջոցների պահանջը», - ասել է Դանայինը:
Շաքարախտը ամենաթանկ հիվանդություններից է, քանի որ երկարաժամկետ խնամք է պահանջում ոչ միայն արյան մեջ շաքարի պարունակությունը կարգավորելու, այլև դրա հետ կապված լուրջ բժշկական բարդությունները լուծելու համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ շաքարախտով հիվանդների ավելի քան 70 տոկոսը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներից է, և առողջապահության փոքր բյուջե ունեցող երկրները չեն կարողանում շաքարախտը վերահսկող դեղորայք գնել:
«Անհրաժեշտ է վաղ շրջանում հիվանդությունը կանխարգելելու կամ ախտորոշելու արդյունավետ միջոց գտնել՝ շաքարախտի բարդությունները արդյունավետ եղանակով բուժելու համար», - ասում է Դանայինը:
Ուսումնասիրությունը հաստատվում է բժիշկների հիվանդանոցային փորձով: Քլիվլենդ քաղաքի հիվանդանոցի բժիշկ Բայթուլ Հաթիփոլուի խոսքերով, դա անակնկալ չէ: «Առօրյա մեր աշխատանքում նոր այնքան դեպքեր ենք տեսնում, որ դա մեզ չի զարմացնում», - ասել է բժիշկը:
Ուսումնասիրության հեղինակները խորհուրդ են տալիս երկրներին խրախուսել առողջ ապրելակերպը: Դա է նաև այս հիվանդությունը բուժող բժիշկների խորհուրդը:
«Կցանկանայի բոլորին ասել, որ անհրաժեշտ է մարզվել, առողջ սնվել, այլապես բոլորի մոտ է կա հիվանդությունը զարգանալու վտանգը», - ասել է բժիշկ Հաթիփոլուն:
Ըստ ուսումնասիրության հեղինակների, եթե հանրային առողջապահության քարոզարշավները հաջողություն չունենան, շաքարախտը հավանաբար կդառնա համաշխարհային առողջապահության ամենահրատապ խնդիրներից մեկը։