Մատչելի հղումներ

«Սիրիայի կառավարությունը կործանման եզրին է»


Նախկին վարչապետի համաձայն, բարոյապես և տնտեսապես քայքայվող կառավարության վերահսկողության տակ է գտնվում երկրի ընդամենը 30 տոկոսը

Սիրիայի նախկին վարչապետ Ռիադ Ջիհաբը երեքշաբթի օրը փախուստի դիմելուց հետո առաջին անգամ հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ:

Ջիհաբը «Աստծո թշնամի» է անվանել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և նրա կառավարությունը: Նա ասել է նաև, թե Ասադի կառավարությունը կործանման եզրին է, և բարոյապես և տնտեսապես քայքայվող կառավարության վերահսկողության տակ է այժմ գտնվում երկրի ընդամենը 30 տոկոսը:

Հորդանանի մայրաքաղաք Ամանում անցկացված մամլո ասուլիսի ընթացքում Հիջաբն ասել է, որ անցյալ շաբաթ լքել է Սիրիայի կառավարությունն իր կամքով ՝ նպատակ հետապնդելով միանալու Սիրիայում արդեն 17 ամիս շարունակվող ապստամբությանը:

Նախկին վարչապետը պնդել է, որ, հակառակ Սիրիայի իշխանությունների կողմից տարածվող լուրերի, նա չէր հեռացվել իր պաշտոնից, և կոչ է արել Սիրիայի բարձրաստիճան այլ պաշտոնյաներին խզել կապերը ներկայիս կառավարության հետ:

Սիրիայի հյուսիսում երեքշաբթի օրը շարունակվել են մարտերը: Մեծ Բրիտանիայից գործունեություն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, կառավարական ուժերը հրետանային կրակ են բացել Իդլիբ նահանգում, ինչի պատճառով զոհվել է չորս մարդ: Կազմակերպության համաձայն, կառավարական ստորաբաժանումների և ապստամբների ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել նաև նահանգի այլ մասերում:

Ապստամբները երկուշաբթի օրը հրապարակել են մի տեսանյութ, որտեղ, իրենց համաձայն, պատկերված է իրենց կողմից բացված կրակի հետևանքով Սիրայի օդուժին պատկանող օդանավի կործանումը և պատանդ ընկած օդաչուն:

Ապստամբների կողմից ներկայացված տեսանյութի անկախ հաստատումը հնարավոր չէ իրականացնել:

Սիրիայի պետական լրատվամիջոցները սակայն պնդում են, որ օդաչուն դուրս է թռել ինքնաթիռից «երկրի արևելյան մասում կանոնավոր ուսումնական թռիչքի ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով», և որ իշխանություններն այժմ որոնում են նրան:


XS
SM
MD
LG