Մատչելի հղումներ

Մագնիտսկին հետմահու մեղավոր է ճանաչվել


«Hermitage Capital Management» ներդրումային հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ուիլյամ Բրաուդերը հեռակա կարգով դատապարտվել է ընդհանուր ռեժիմի գաղութում ինը տարվա ազատազրկման

Մոսկվայի Տվերսկոյ դատարանը հինգշաբթի օրը հարկերից խուսափելու մեջ մեղավոր է ճանաչել զոհված իրավաբան Սերգեյ Մագնիտսկիին և «Hermitage Capital Management» ներդրումային հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ուիլյամ Բրաուդերին:

Դատավճիռը հայտարարած դատավոր Իգոր Ալիսովի խոսքերով, Բրաուդերի խնդրանքով Սերգեյ Մագնիտսկին «հանցավոր համակարգ» էր կազմակերպել՝ հարկերից խուսափելու նպատակով:

Դատավորն ասել է նաև, որ Ուիլյամ Բրաուդերն իր ընկերություններում գրանցում էր այնտեղ չաշխատող հաշմանդամների, իսկ Սերգեյ Մագնիտսկին մշակել էր մի համակարգ, որի արդյունքում Բրաուդերի կողմից վերահսկվող ընկերությունները Կալմիկիայում հարկեր չէին վճարում:

Դատավճռում նշված է, որ հանցագործություններն իրականացրել է Սերգեյ Մագնիտսկին, իսկ Ուիլյամ Բրաուդերը՝ հանդես եկել հանցակցի դերում:

Գործարար Ուիլյամ Բրաուդերը հեռակա կարգով դատապարտվել է ընդհանուր ռեժիմի գաղութում ինը տարվա ազատազրկման, իսկ Սերգեյ Մանգնտսկիի գործը փակվել է՝ ելնելով «արդարացնելու հնարավորություն չտվող հանգամանքներից»՝ վերջինիս մահվան պատճառով:

Մագտնիտսկիի բարեկամներն ու նրանց փաստաբանները հրաժարվել էին այս դատավարությանը մասնակցել՝ նշելով, որ չէին դիմել Ռուսաստանի իրավապահ մարմիններին զոհված փաստաբանին արդարացնելու պահանջով:

Այս դատավարությանը մասնակցելու համար Ռուսաստանի կողմից նշանակված փաստաբաններն ավելի վաղ նույնպես հայտնել էին դատավարության անօրինականության մասին:

Միացյալ Նահանգների իշխանություններն անցյալ տարվա դեկտեմբերին հրապարակել էին «Մագնիտսկիի ցուցակի մասին» օրենքը, որն արգելում է մուտքը ԱՄՆ-ի տարածք Սերգեյ Մագնիտսկիի մահվան հետ առնչություն ունեցող Ռուսաստանի պաշտոնյաներին, ինչպես նաև սառեցնում ԱՄՆ-ում առկա նրանց ակտիվները:

«Մագնիտսկիի օրենքը» կրում է 37-ամյա ռուսաստանցի իրավաբան Սերգեյ Մագնիտսկիի անունը, որը բանտարկվել էր 2008 թվականին հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով՝ պետության հարկային միջոցներից մոտ 250 միլիոն դոլար յուրացված Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների գործողությունները բացահայտելուց հետո: Մագնիտսկին մահացել էր բանտում 2009 թվականին՝ բազմիցս ծեծի ենթարկվելու և բժշկական օգնություն չստանալուց հետևանքով:
XS
SM
MD
LG