Մատչելի հղումներ

Դավութօղլու. «Թուրքերն ու հայերը պետք է հետևեն Էրդողանի օրինակին և մոռացության մատնեն մեր համատեղ ցավը»


Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հորդորում է բոլորին «բաց չթողնել այս պահը և միանալ մեզ՝ վերականգնելու համար առավել լավ ապագա թուրք-հայկական հարաբերությունների համար»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն բրիտանական «Գարդիան» պարբերականի կայքում հրապարակած «Թուրքերն ու հայերը պետք է հետևեն Էրդողանի օրինակին և մոռացության մատնեն մեր համատեղ ցավը» խորագրով իր հոդվածում համոզվածություն է հայտնել, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «1915 թվականի իրադարձությունների շուրջ արված պատմական հայտարարությունը» հնարավորություն են տալիս «վերադարձնել այն շահագրգռվածությունն ու հարաբերությունների բարելավումը, որոնք բաց են թողնվել 2009 թվականին»՝ Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրման ժամանակից:

Իր հոդվածում Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հիշեցնում է, թե ինչպիսի հսկա ներդրում են ունեցել հայազգի մտավորականներն ու մշակութային գործիչները Օսմանյան կայսրության վրա: Նա գրում է նաև, որ 19-րդ դարում Օսմանյան կայսրության քայքայման ընթացքում «էթնիկական մի շարք զտումներ Բալկաններում միլիոնավոր մարդկանց մղել են դեպի արևելք՝ փոփոխելով Անատոլիայի ժողովրդագրական կառուցվածքը և դառնալով նաև այնտեղ համայնքային հարաբերությունների քայքայման պատճառը»:

«Մինչդեռ Արևմուտքում պատմությունը հիմնականում պատմում է Օսմանյան կայսրության քրիստոնյաների վերացման և մահվան մասին, Օսմանյան կայսրության մահմեդականների հսկա տառապանքները հիմնականում անհայտ են Թուրքիայից դուրս», - գրում է Դավութօղլուն:

«Անհերքելի է, որ հայերը մեծ տառապանքներ են կրել այս ժամանակահատվածում: Հայ համայնքի մեծ հատվածների մասերի վերաբնակման հետևանքներն անընդունելի են և անմարդկային», - իր հոդվածում նշում է Թուրքիայի արտգործնախարարը՝ հավելելով. «Ճշմարիտ է նաև այն, որ բանավեճն այն մասին, թե ինչու և ինչպես է տեղի ունեցել հայկական ողբերգությունը, ցավոք, շարունակում է ցայսօր ցավ պատճառել թուրքերին և հայերին»:

«Ցավի, տառապանքների, զրկանքների և հսկա թվով կյանքերի կորստի համայնքային և ազգային հիշողությունները շարունակում են հայ և թուրք ժողովուրդներին միմյանցից հեռու պահելու պատճառը մնալ: 1915 թվականի իրադարձությունների շուրջ միմյանց հետ մրցող և թվում է՝ հաշտության հնարավորություն չտվող պատմությունները թույլ չեն տալիս բժշկել այս վերքերը: Մենք կիսում ենք մեր նախնիներից ժառանգած «համատեղ ցավը»», - գրում է Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն:

Բրիտանական «Գարդիան» պարբերականի կայքում հրապարակած իր հոդվածում Թուրքիայի արտգործնախարարը պնդում է, որ ազգային հիշողությունները կարևոր են՝ միաժամանակ հարցնելով, թե «արդյո՞ք թուրքերի և հայերի պատմությունները հնարավոր չէ մոտեցնեն միմյանց, և արդյո՞ք չի կարող ի հայտ գալ «արդար հիշողություն»»:

«Հավատալով, որ դա կարող է տեղի ունենալ՝ Թուրքիան առաջարկություն է արել 1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրության համար կազմել թուրք և հայ պատմաբաններից կազմված հանձնաժողով: Նման հանձնաժողով ստեղծելու դեպքում հնարավոր կդառնա ավելի լավ հասկանալ ողբերգական այս ժամանակաշրջանը և , հուսով եմ՝ նպաստել մեր հարաբերությունների բարելավման», - վստահություն է հայտնում Դավութօղլուն:

«Կարեկցանքով և հարգանքով Օսմանյան կայսրության հայերի ժառանգներին ցավակցություն հայտնելը մարդկության պարտավորությունն է: Գրեթե մեկ դար տևած առճակատումն ապացուցել է, որ մենք չենք կարող լուծել այս խնդիրը, եթե չսկսենք լսել և հասկանալ միմյանց: Մենք նաև պետք է սովորենք հարգանքը՝ առանց տառապանքների համեմատության և դրանց դասակարգման», - պնդում է Թուրքիայի արտգործնախարարը:

Իր հոդվածի ավարտին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հորդորում է բոլորին «բաց չթողնել այս պահը և միանալ մեզ՝ վերականգնելու համար առավել լավ ապագա թուրք-հայկական հարաբերությունների համար»:

«Վարչապետ Էրդողանի հայտարարությունն այս ուղղությամբ կատարված աննախադեպ և խիզախ քայլ է: Հավատացած եմ, որ այժմ եկել է այս հարաբերությունների մեջ ներդրումներ կատարելու ժամանակը: Մենք սակայն կարող ենք հաջողության հասնել, միայն եթե այս նախաձեռնությունն ընդունվի հարաբերությունների բարելավման մտադրություն ունեցող շահագրգռված անձանց առավել լայն շրջանակի կողմից: Թուրքիան պատրաստ է դրան», - եզրափակում է բրիտանական «Գարդիան» պարբերականի կայքում հրապարակված՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հեղինակած «Թուրքերն ու հայերը պետք է հետևեն Էրդողանի օրինակին և մոռացության մատնեն մեր համատեղ ցավը» խորագրով հոդվածը:
XS
SM
MD
LG