Մատչելի հղումներ

Էրդողան. «Ապրիլի 24-ը հատուկ նշանակություն ունի հայազգի մեր քաղաքացիների և ամբողջ աշխարհի հայերի համար»


Թուրքիայի վարչապետը հանդես է եկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ թուրքական պետության կողմից ցավակցություն է հայտնել «քսաներորդ դարասկզբի համատեքստում իրենց կյանքը կորցրած հայերի ժառանգորդներին» և նշել, որ «1915 թվականի իրադարձությունները ընդհանուր ցավ են»:

Վարչապետ Էրդողանի հայտարարությունը պաշտոնական կայքում հրապարակվել է ութ լեզվով, այդ թվում՝ արևմտահայերեն և արևելահայերեն ոչ պաշտոնական թարգմանությամբ:

Թուրքիայի վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ Էրդողանն ասում է, թե «ապրիլի 24-ը հատուկ նշանակություն ունի հայազգի մեր քաղաքացիների և ամբողջ աշխարհի հայերի համար»:

Պնդելով, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին բոլոր ազգերի կյանքում էին տեղի ունեցել ցավալի իրադարձություններ՝ Թուրքիայի վարչապետը հորդորել է զբաղեցնել արդարացի, մարդասեր և բարեխիղճ դիրքորոշում՝ հիշատակելու համար այս ժամանակահատվածում բոլորի կողմից տարած ցավը:

«Առաջին աշխարհամարտի իրադարձությունները մեր ընդհանուր ցավն են: Պատմության այս ցավալի շրջանին արդարացի հիշողության տեսանկյունից գնահատական տալը մարդկության և գիտնականների պարտականությունն է», - նշել է վարչապետ Էրդողանը:

Թուրքիայի վարչապետի հայտարարության մեջ ընդգծվում է նաև պատմության նկատմամբ խոսքի ազատության և կարծիքների բազմազանության կարևորությունը:

«Թուրքիայում 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ տարբեր կարծիքների և մտքերի ազատ արտահայտումը բազմակարծիք տեսակետներ արտահայտելու, ինչպես նաև ժողովրդավար և ժամանակակից մշակույթի պահանջներից է», - ասված է Էրդողանի հայտարարության մեջ:

«Մենք համակրանքով հարգանքի տուրք ենք մատուցում օսմանյան բոլոր քաղաքացիներին՝ անկած նրանց ազգային և կրոնական ծագումից, ովքեր իրենց կյանքը կորցրել են նույն ժամանակաշրջանում և նման պայմաններում», - եզրափակում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը:
XS
SM
MD
LG