Մատչելի հղումներ

Հայազգի գիտնականին առաջարկվել է Թուրքիայի դիվանագիտական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնել


Հայազգի գիտնականին առաջարկվել է Թուրքիայի դիվանագիտական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնել

Հայազգի գիտնական Տարոն Աճեմօղլուն Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուից ստացել է Փարիզում դիվանագիտական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու առաջարկ:

Լոնդոնում երեքշաբթի օրը ուշ երեկոյան անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում Դավութօղլուն ասել է, թե ներկայումս գիտական աշխատանքով զբաղված լինելու պատճառով Աճեմօղլուն այս առաջարկի վերաբերյալ իր դրական պատասխանի մասին կհայտնի հետագա մի քանի տարիների ընթացքում:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, տնտեսագիտության վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ, համաշխարհային ճանաչում ունեցող ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում այժմ դասավանդող տնտեսագետին առաջարկվել է զբաղեցնել Փարիզից գործող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում (OECD) Թուրքիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը:

Թուրքիայի արտգործնախարարի համաձայն, Աճեմօղլուին այս առաջարկը ներկայացնելուց առաջ, ինքը խորհրդակցել է նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Թուրքիայի արտգործնախարարը ասել է, թե «ազգային կամ կրոնական պատկանելության հիման վրա մենք որևէ տարբերություն չենք դնում Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների միջև: Թուրքիան կարող է ներկայացնել մեր պահանջներին համապատասխանող ցանկացած անձ»:

Դավութօղլուն ասել է նաև, որ Աճեմօղլուն կարող է դրական ներդրում ունենալ ոչ միայն Թուրքիայի, այլև միջազգային տնտեսությունում:

«Որպես գիտնական, ես վաղուց եմ հետևում Աճեմօղլուի հաջողություններին», - հավելել է Թուրքիայի արտգործնախարարը:

XS
SM
MD
LG