Մատչելի հղումներ

«Curiosity» մարսագնացը գետի հետքեր է հայտնաբերել


ՆԱՍԱ-ի կողմից տրամադրված լուսանկարի վրա երևում է Մարսի ապարի պատկերը, որը, ըստ գիտնականների, կարող է լինել առվի հունի մնացորդ: Համեմատության համար աջից ներկայացված է Երկիր մոլորակի նմանատիպ ապար:
ՆԱՍԱ-ի կողմից տրամադրված լուսանկարի վրա երևում է Մարսի ապարի պատկերը, որը, ըստ գիտնականների, կարող է լինել առվի հունի մնացորդ: Համեմատության համար աջից ներկայացված է Երկիր մոլորակի նմանատիպ ապար:

Հայտնագործությունը հաստատում է Կարմիր մոլորակի վրա ժամանակին կյանքի գոյության հնարավորությունը

Ամերիկացի գիտնականների համաձայն, «Curiosity» մարսագնացի կողմից Մարս մոլորակից հաղորդած լուսանկարները հստակ վկայում են այն մասին, որ կյանքի գոյության համար անհրաժեշտ տարրերից մեկը՝ ջուրը, ժամանակին հոսում էր Մարս մոլորակի մակերևույթի վրայով:

Մարսագնացի վայրէջքի վայրից ուղարկված լուսանկարներից մեկի վրա, ըստ գիտնականների, հստակ երևում են հարթ և կլորավուն քարեր, որոնք մխրճված են ապարների մեջ: Գիտնականների համաձայն, նման ձև քարերը կարող էին ստանալ միայն ջրի ազդեցության ներքո, իսկ ապարների մեջ դրանք, ըստ երևույթի, մխրճվել են նույնպես այս վայրում ժամանակին հոսող առվի ջրի ճնշման տակ: Հնարավոր է նաև, որ առվի մեջ բնակվել են բազմաթիվ մանրէներ:

Գիտնականների համաձայն, Մարսի այս հատվածը ժամանակին կարող էր պիտանի լինել կյանքի գոյության համար:

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին «Curiosity» շարժական լաբորատորիան իրականացրել էր լազերի կիրառմամբ մի փորձ: Մարսագնացը բռնցքի մեծություն ունեցող՝ «Coronation» (թարգմանաբար՝ «Թագադրություն») անվանումը ստացած ժայռից 10 վայրկյանում լազերի միջոցով 30 հարված էր արձակել, որի արդյունքում 8 միլիմետր տրամագծով բեկոր է հեռացվել:

Մարսագնացի լազերի յուրաքանչյուր հարվածը, որն ունեցել է վայրկյանի մեկ միլիարդերորդական մասի տևողություն, մեկ միլիոն վատտ էներգիա հզորությամբ է եղել: Ընդհանուր առմամբ իրականացվել էր նման հինգ հարված: Լազերի միջոցով արձակված էներգիան ժայռաբեկորի ատոմները վերածել էր իոնացված, հրաշեկ պլազմայի:

Բացի այդ, լազերային հարվածի արդյունքում առաջացած պլազմայի արտանետումն ուսումնասիրվել էր մարսագնացի վրա տեղադրված «ChemCam» սարքի հեռադիտակների սպեկտրաչափերի կողմից՝ տեղեկանալու համար, թե ինչպիսի տարրեր են պարունակվում Մարս մոլորակի ուսումնասիրվող ապարում:
XS
SM
MD
LG