Մատչելի հղումներ

Ղրիմը Ռուսաստանին միանալու դիմում է ներկայացրել


Ղրիմի խորհրդարանը երկուշաբթի օրը Ռուսաստանի Դաշնությանը «ներկայացրել է Ղրիմի Հանրապետությունն իր կազմում որպես հանրապետության կարգավիճակ ունեցող նոր սուբյեկտ» ընդունելու դիմում

Ղրիմը երկուշաբթի օրը Ռուսաստանին պաշտոնապես միանալու դիմում է ներկայացրել այն բանից հետո, երբ Ղրիմի ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ռուսաստանին միանալու հարցով նախօրեին անցկացված հանրաքվեի արդյունքում Ուկրաինայից անջատվելու և Ռուսաստանին միանալու կողմ է քվեարկել հանրաքվեին մասնակցած անձանց 97 տոկոսը:

Ղրիմի խորհրդարանը երկուշաբթի օրը Ռուսաստանի Դաշնությանը «ներկայացրել է Ղրիմի Հանրապետությունն իր կազմում որպես հանրապետության կարգավիճակ ունեցող նոր սուբյեկտ» ընդունելու դիմում:

Ուկրաինան իր կամքին հակառակ մասնատելուն ուղղված քայլերը, ըստ փորձագետների, կարող են դառնալ Արևմուտքի և Արևելքի միջև հարաբերություններում Սառը պատերազմից հետո ամենախորը ճգնաժամի պատճառը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում շեշտել է, որ Ղրիմում «հանրաքվեն» անցկացվել է Ուկրաինայի սահմանադրության խախտմամբ և տեղի է ունեցել Ռուսաստանի ռազմական միջամտությամբ ստեղծված ճնշման պայմաններում:

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Օբաման շեշտել է, որ Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունները խախտում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և, Եվրոպայի գործընկերների հետ միասին, ԱՄՆ-ը նախատեսում է, որ Ռուսաստանը «լրացուցիչ գին կվճարի այս գործողությունների համար»:

Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Օբաման շեշտել է, որ դեռևս առկա է ինչպես Ռուսատանի, այնպես էլ Ուկրաինայի շահերից ելնող հստակ ուղի՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար:

ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ Ուկրաինայի կառավարությունը շարունակում է ընդունել ճգնաժամի լարվածությունը նվազեցնելուն ուղղված հստակ քայլեր, և դիմել է Ռուսաստանին որևէ խմբավորման կողմից բռնությունների կանխման նպատակով միջազգային դիտորդներ ուղարկելու նախաձեռնությունը սատարելու պահանջով:

«Նախագահ Օբաման վերահաստատել է, որ դիվանագիտական լուծման անհնար է հասնել, քանի դեռ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են իրենց ներխուժումն Ուկրաինայի տարածք, իսկ Ուկրաինայի սահմանների մոտակայքում Ռուսաստանի կողմից անցկացվող լայնածավալ զորավարժությունները միմիայն ավելացնում են լարվածությունը», - ասված է ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG