Մատչելի հղումներ

Սննդի կոնսերվանտը կարող է դադարեցնել ուռուցքների աճը


Կոնսերվանտը ըստ երևույթի կարող է դանդաղեցնել կամ նույնիսկ դադարեցնել գլխի և պարանոցի քաղցկեղի որոշ տեսակներ

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի համալսարանի հետազոտությունների արդյունքների համաձայն, լայն օգտագործում ունեցող սննդի կոնսերվանտը ըստ երևույթի կարող է դանդաղեցնել կամ նույնիսկ դադարեցնել գլխի և պարանոցի քաղցկեղի որոշ տեսակներ:

Գիտնականները հայտնաբերել են, որ հակամանրէային «նիզին» անվանում ունեցող նյութը ակտիվացնում է սպիտակուցի մի տեսակ, որը նպաստում է քաղցկեղի բջիջների մահվան, սակայն որևէ վնաս չի հասցնում առողջ բջիջներին:

Բերանի խոռոչի քաղցկեղը աշխարհում մահաբեր հիմնական հիվանդություններից է: Այս հիվանդությունը հայտնաբերելուց հետո հիվանդների 40-ից 60 տոկոսը մահանում է հինգ տարվա ընթացքում:

Նիզինը լայն օգտագործում ունեցող հակամանրէային նյութ է, որն արդյունավետորեն օգտագործվում է ստաֆիլոկոկային վարակների և բութուլիզմի, ինչպես նաև պարենային ապրանքներին վնաս հասցնող բազմաթիվ այլ գործոնների դեմ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի գործակալությունը մի քանի տասնամյակ առաջ են հավանության արժանացրել նիզինը՝ ճանաչելով այն պիտանի մարդու սպառման համար:

Միչիգանի համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի կողմից իրականացված հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Իվոն Կապիլայի համաձայն, նախատեսվում է դիմել ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի գործակալությանը՝ նիզինի հակաքաղցկեղային հատկությունները կլինիկական փորձերի միջոցով ստուգելու համար:
XS
SM
MD
LG