Մատչելի հղումներ

Կոլարադո և Վաշինգտոն նահանգներում օրինականացվել է մարիխուանայի օգտագործումը


Թմրամիջոցի օգտագործումը սակայն արգելված է մնում դաշնային օրենսդրությամբ

Կոլորադո և Վաշինգտոն նահանգները ԱՄՆ-ի առաջին նահանգներն են, որոնց բնակիչները երեքշաբթի օրը, անտեսելով դաշնային օրենսդրությունը, իրենց ձայնն են տվել զվարճանքի նպատակներով մարիխուանայի օգտագործումը թույլ տալու օգտին: Ընտրողների կողմից այս հարցը հավանության արժանացնելն այսպիսով հիմք է ստեղծել՝ նախագահ Օբամայի վարչակազմի հետ հնարավոր բախման համար:

Օրեգոն նահանգում սակայն մարիխուանա պահելու և թմրանյութը ստանալու նպատակով կանեփն աճեցնելու համար քրեական պատասխանատվությունը հանելուն ուղղված՝ քվեարկության դրված իրավական միջոցը չի արժանացել նահանգի ընտրողների հավանության:

Մարիխուանա բժշկական նպատակների համար օգտագործելու մասին օրենքներ արդեն իսկ ունեցող Կոլորադո և Վաշինգտոն նահանգների օրենսդրությունն այսպիսով հակասության մեջ է մտել դաշնային օրենսդրության հետ, որն անօրինական թմրանյութերի շարքում է դասակարգում կանեփը:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն արձագանքել է Կոլորադոյում և Վաշինգտոնում ընդունված օրենսդրությանը՝ նշելով, որ օրենքի հարկադրմանն ուղղված քաղաքականության մեջ որևէ փոփոխություն կատարել չի նախատեսվում:

«Մենք ուսումնասիրում ենք քվեարկության արդյունքում ընդունված իրավական միջոցներն և այս պահին դրանց կապակցությամբ որևէ մեկնաբանություն չենք ներկայացնելու», - հայտնել են Արդարադատության նախարարությունից:

Կոլորադո և Վաշինգտոն նահանգներում մարիխուանա զվարճանքի համար օգտագործելու մասին օրենքների համաձայն, 21 տարեկանից բարձր տարիքի անձինք կարող են պահել մինչև մեկ ունցիա (28,5 գրամ) մարիխուանա: Օրենսդրությամբ նախատեսվում է նաև թույլատրել մարիխուանայի օրինական վաճառքն ու հարկումը պետական լիցենզիա ունեցող խանութներում՝ նույն եղանակով, որի կիրառմամբ ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգներում այժմ գործում են ոգելից խմիչքներ վաճառող խանութները: Կոլորադո նահանգում նախատեսվում է նաև թույլատրել անհատներին աճեցնել մարիխուանայի մինչև վեց թուփ, սակայն Վաշինգտոնում այս բույսի աճեցումն արգելված է մնում:

Օրեգոն նահանգում քվեարկության դրված օրենսդրությամբ նախատեսվում էր օրինականացնել մարիխուանայի վաճառքը նահանգային լիցենզիա ունեցող վաճառակետերում, ինչպես նաև մարիխուանայի սահմանափակ քանակների պահպանումն ու աճեցումը զուտ անձնական և զվարճանքի նպատակների համար:
XS
SM
MD
LG