Մատչելի հղումներ

Կոլորադո նահանգը աղետի գոտի է հայտարարվել


Նահանգում շարունակվող անտառային բազմաթիվ հրդեհները դարձել են հարյուրավոր տների ոչնչացման և առնվազն մեկ զոհի պատճառը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոլարադո նահանգը աղետի գոտի հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել՝ այս նահանգն ուրբաթ օրը կայանալիք իր այցին ընդառաջ: Նահանգում շարունակվող անտառային բազմաթիվ հրդեհները դարձել են հարյուրավոր տների ոչնչացման և առնվազն մեկ զոհի պատճառը:

Իշխանությունների համաձայն, երեքշաբթի օրվանից, երբ Վալդո կիրճում հրդեհը հանկարծակի դուրս է եկել վերահսկողությունից, այն այրվել է 346 տուն և ստիպել նահանգի ամենամեծ երկրորդ քաղաքի՝ Կոլորադո Սպրինգիսի մոտ 36 հազար բնակչի լքել իրենց բնակարանները:

Նահանգի ոստիկանապետը հինգշաբթի օրը հայտնել է լրագրողներին, որ այրված տներից մեկի փլատակներում հայտնաբերվել է տղայի աճյուն: Այս տան երկու բնակիչ անհայտ կորած են համարվում:
Նախագահ Օբամայի կողմից Կոլորադո նահանգը աղետի գոտի հայտարարելուց հետո Վալդե կիրճում և նահանգի հյուսիսային մասում այս ամսվա սկզբին 257 տների այրման պատճառը դարձած անտառային հրդեհի պատճառով տուժած մարդկանց հասանելի է դարձել արտակարգ իրավիճակների հետևանքները հաղթահարելու համար նախատեսված դաշնային ֆինանսական միջոցները:

Վալդո կիրճում շարունակվող անտառային հրդեհը բռնկվել է ազգային «Փայք» անտառում և տարածվել մոտ 6 հազար հեկտար տարածքով: Հրդեհը որոշ ժամանակ սպառնացել է շրջակայքում գտնվող ԱՄՆ-ի օդուժի ակադեմիայի շինություններին: Կրակի տարածմանը նպաստել են շոգ եղանակն և ուժեղ քամիները:

Անտառային այս հրդեհի պատճառները դեռևս անհայտ են: Հետախուզությունների դաշնային բյուրոն հետաքննություն է սկսել՝ որոշելու, արդյոք հրդեհը քրեական գործողությունների արդյունք է:
XS
SM
MD
LG